«Անհավասար փոխանակում ենք անում, ինչո՞ւ ենք Երևանում Ձեզ տարածք տալիս». Կարեն Կարապետյանը՝ ՍԱՊԾ պետին
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով առաջարկվում է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին տրամադրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ առաջարկվում է դրա փոխարեն՝ ՍԱՊԾ-ին հատկացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող շենքից 466,5 քմ մակերեսով տարածքը: Նրա խոսքով՝ որոշման ընդունումը պայմանավորված է Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ, որի կազմակերպման և զարգացման աշխատանքներն աահովելու նպատակով կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե Մեղրիում գտնվող շենքը ինչո՞ւ ենք Երևանով գտնվող շենքով փոխանակում։ «Անհավասար փոխանակում ենք անում, եթե իրեն Մեղրիում է տարածք պետք, Մեղրիում տանք, եթե չի օգտագործել, շատ ավելի լավ։ Երևանում ինչո՞ւ ենք տարածք տալիս Ձեզ, պարո՛ն Կարապետյան»:
Անդրեյ Սիմոնյանն ասաց, որ քննարկումների արդյունքում է կայացվել այդ որոշումը։
«Բայց անհրաժեշտությունը կա՞,- հարցրեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով,- Որ Մեղրիի տնտեսական գոտուն տարածք տալիս ենք, շատ լավ է, ՍԱՊԾ-ին տարածք տանք, թե չէ, խիստ քննարկելի է։ Եթե իրենց պետք է, պիտի տանք, բայց եթե փոխանակում ենք անում, ուղղակի որ պետք է մի բան տանք…. եկեք նայենք»,- ասաց գործադիրի ղեկավարը։