Իրաքը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները քրդական ինքնավարությունում
Իրաքի համերկրային կառավարությունը պահանջում է չեղարկել անկախության հանրաքվեի արդյունքները Իրաքյան Քրդստանում: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է արաբական այդ երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադին Թեհրան կատարած այցի ժամանակ։
«Մենք կընդունենք միայն հանրաքվեի չեղարկումը եւ Սահմանադրության կատարումը»,- ասել է նա: Սա Բաղդադի առաջին պաշտոնական արձագանքն է հանրաքվեի արդյունքները սառեցնելու եւ երկխոսություն սկսելու քրդական ինքնավարության առաջարկին: Ինքնավարության կառավարության՝ հոկտեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ Իրաքյան Քրդստանի իշխանությունները նշել են, որ պատրաստ են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները եւ երկրի Սահմանադրության հիման դրա երկխոսություն սկսել Բաղդադի հետ:
«Վտանգավոր իրադրությունն ու լարվածությունը, որում հայտնվել են Իրաքն ու Քրդստանը, մեզ բոլորիս ստիպում են պատմական պատասխանատվություն ստանձնել եւ հետագա առաճակատում թույլ չտալ իրաքյան զորքերի եւ փեշմերգայի (քրդական զինված կազմավորումներ) միջեւ»,- նշվում է հայտարարության մեջ: «Կողմերի դիմակայությունը հաղթանակ չի բերի նրանցից ոչ մեկին, այլ միայն կհանգեցնի երկրի լիակատար ոչնչացման,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
– Այդ կապակցությամբ, ելնելով Քրդստանի եւ Իրաքի ժողովրդի առջեւ մեզ դրա դրված պատասխանատվությունից, Բաղդադի կառավարությանը, իրաքյան հասարակայնությանը եւ համաշխարհային հանրակցությանն առաջարկում ենք հետեւյալը՝ անհապաղ դադարեցնել կրակը եւ կասեցնել բոլոր ռազմական գործողությունները, սառեցնել հանրաքվեի արդյունքները, Իրաքի Սահմանադրության հիման վրա բաց երկխոսություն սկսել տարածաշրջանի կառավարության եւ համերկրային իշխանությունների միջեւ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: