«Այո, միտումնավորություն տեսնում եմ». Բագրատ Էստուկյան
Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցի քննարկումը արդյունք չի տվել, ավելին` խնդիրն ավելի է խճճվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնեց, որ հոկտեմբերի 24-ին Պոլսո պատրիարքարանի ընտրությունների հարցի քննարկման համար պատվիրակություն էր գնացել նահանգապետարան, հանդիպել նահանգապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Այդտեղ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նահանգապետն ասել է, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` պատրիարքական տեղապահ ընտրվելու փաստը: Առաջարկվել է 2 հոգևորականի` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ եպիսկոպոս Մաշալյանին միասնաբար այս գործընթացը սկսել սկզբից: Առաջարկվել է, որ մեկը տեղապահ լինի, մյուսը մնա փոխանորդ, բայց դա մեր կարգ ու կանոնին հարմար չէ և հոգևոր համայնքի կողմից ընդունելի չէ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հանդիպմանը ներկա չի եղել, նա այս օրերին Գերմանիայում է: Բագրատ Էստուկյանը Ստամբուլի նահանգապետարանում հանդիպման օր ընտրելու գործում միտումնավորություն է տեսնում:
«Այո, միտումնավորություն տեսնում եմ: Հանդիպումը կազմակերպելու համար Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը դիմել էր Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուին, քանի որ վերջինս լավ կապեր ունի իշխանական օղակներում: Հանդիպումը չէր կազմակերպվում, և հենց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մեկնեց Գերմանիա, շատ արագ այդ հանդիպումը կայացավ: Այստեղ առկա է սադրանքների թնջուկ»,-ասաց Բագրատ Էստուկյանը:
Այս գործընթացի հետագա զարգացումները պարզ կլինեն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի քայլերից: Սպասվում է, որ Բեքչյանը Ստամբուլ կվերադառնա հոկտեմբերի 30-ին: