«Մտավախություններ ունենք». Կարեն Կարապետյանը խորհրդակցություն կանցկացնի

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017թ. ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ:

«Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են, սակայն հասարակության որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ: Որոշ գործարարների դրանք պատշաճ չեն ներկայացվել: Գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ, և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է. բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակի, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության:

Այսինքն՝ անհրաժեշտ է և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիտորինգ: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից, հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, էլեկտրականության միացումներն ավելի օպերատիվ ստանա, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի, որ դրանք կարելի է ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով, և այլն:

Հաշվի առնելով նշյալը՝ հանձնարարում ենք՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, համագործակցելով ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե կարճաժամկետ, և թե երկարաժամկետ միջոցառումների փաստացի և ոչ թե՝ փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիտորինգի համակարգչի գործարկման վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ Վաչե Գաբրիելյանին խնդրել է մոտ օրերին խորհրդակցություն կազմակերպել, քանի որ մտավախություն ունեն, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում մասամբ կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով:

Տեսանյութեր

Լրահոս