Պարտքի առաստաղն ու տնտեսության «ծակ տանիքը»

ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, ցանկանում է որոշակիություն մտցնել հարկաբյուջետային քաղաքականության մեջ։ Այլ կերպ ասած՝ սահմանել որոշակի կանոններ, որոնք պարտադիր կլինեն կատարման համար, անկախ նրանից, թե ով է տվյալ պահին ֆինանսական քաղաքականության պատասխանատուն։

Այդ կանոնների մեջ գլխավոր փոփոխություններից մեկը վերաբերում է պետական պարտքին։ Կանոններն ու պարտքային բաղադրիչն արդեն քննարկվել են ակադեմիական շրջանակներում, մի քանի օր առաջ էլ՝ լրագրողների հետ։ Ազգային ժողովում այն նույնպես բուռն քննարկման առարկա է դառնալու, հատկապես, եթե նկատի ունենանք, որ ընդհանուր ընկալումն այնպիսին է, թե կառավարությունը ցանկանում է բարձրացնել պետպարտքի թույլատրելի շեմն ու ավելի շատ խրվել պարտքերի մեջ։ Սկսենք նրանից, ինչ այս պահին ունենք։

Գործող օրենսդրության համաձայն՝ կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Իսկ 50 տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը (մենք այժմ գտնվում ենք այս սահմանափակման տակ): Նաև՝ ըստ օրենքի, այս կանոնների պահանջներին չհամապատասխանող կառավարության պարտք առաջացնող գործարքն առոչինչ է։ Այսինքն՝ 60%-ը գերազանցելու դեպքում կառավարությունը չի կարող լրացուցիչ պարտք ներգրավել։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, գործող կարգավորումներն ունեն որոշակի թերություններ։ Դրանք.

  • Կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի մեծ դեր տնտեսության կայունացման հարցում,
  • Պարունակում են պրոցիկլիկության տարրեր և պարտքի շեմերը գերազանցելիս թույլ չեն տալիս արձագանքել տնտեսական շոկերին,
  • Չեն պարունակում ծախսերի օպտիմալ կառուցվածքի և երկարաժամկետ տնտեսական աճ ստեղծող կապիտալ ծախսերի առաջնահերթությունն ապահովող տարրեր,
  • Բացառություններ չեն նախատեսում (ճգնաժամ, աղետ, պատերազմ…):

Ըստ այդմ, կառավարությունն առաջարկում է պետպարտքի 60%-ն անցնելու դեպքում նոր պարտք ներգրավելու արգելքը որոշակիորեն մեղմել։ Այսինքն՝ 60%-ի շեմը մնում է ուժի մեջ, սակայն սահմանվում են բացառություններ՝ ճգնաժամեր, աղետներ, պատերազմ և այլն։

Օրինակ, եթե կրկնվում է 2009 թվականի իրավիճակը, տնտեսությունը կտրուկ անկում է ունենում, հարկային եկամուտները՝ նույնպես, ապա կառավարությունը կարող է դիմել Ազգային ժողովին, հիմնավորել նոր պարտք ներգրավելու անհրաժեշտությունը և 60%-ից անցնելու դեպքում՝ նոր պարտք ներգրավել։ Ըստ առաջարկվող կանոնների, կառավարությունը նման դեպքերում պետք է պարտավորություն ստանձնի պարտքի հետագիծը նվազեցնել 60%-ից X տարիների ընթացքում, եթե այդ ընթացքում չկան բացառիկ դեպքեր։

Նման պարտքերի դեպքում նաև առավել խիստ հաշվետվողականություն է սահմանվելու։ Ֆիննախն առաջարկում է նաև այլ, ինչպես ասում են, ծախսային կանոններ։

Օրինակ, եթե պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը, ապա ընթացիկ ծախսերի աճը սահմանափակվում է նախորդ 10 տարիների ՀՆԱ-ների միջին անվանական աճից առնվազն 2.5 տոկոսային կետով պակաս ճշգրտման գործակցով։ Այսինքն, եթե ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին կազմել է միջինը 4%, ապա ընթացիկ ծախսերը չեն կարող աճել ավելի քան 1.5%:

Մյուս կանոնն այն է, որ ընթացիկ ծախսերը չպետք է գերազանցեն հարկային մուտքերին։ Այսինքն՝ պարտքի հաշվին չի կարելի թոշակ ու նպաստ բաժանել։ Կառավարությունն առաջարկում է ամրագրել նաև մի կանոն, որ կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն բյուջեի պակասուրդից։ Ընդ որում, այս կանոնը պետք է գործի պետական պարտքի բոլոր մակարդակների համար։ Նշենք, որ Ֆիննախի տարբերակից բացի՝ հարկաբյուջետային կանոնների իր տարբերակն էր ներկայացրել նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։

Դրույթներն ու տրամաբանությունը գրեթե նույնն են: Հիմնական տարբերությունն այն է, որ ԱՄՀ տարբերակում կապիտալ ծախսերի վերաբերող պահանջը չկա։ Փոխարենը՝ պետական պարտքի բոլոր մակարդակների դեպքում նախատեսվում է ընթացիկ ծախսերի աճի սահմանափակում (oր.՝ ՀՆԱ-ի աճին (անվանական, իրական, պոտենցիալ) համահունչ)։ Հիմա գանք ամենահետաքրքիր կետին։ Ինչպես տեսաք՝ կառավարությունը, ըստ էության, առաջարկում է պետական պարտքի 60%-անոց սահմանափակման համար կիրառել որոշ բացառություններ. եթե շատ անհրաժեշտ է, ապա 60%-ը կարելի է անցնել՝ կրկին ետ վերադառնալու պայմանով (կամ խոստումով)։

Մյուս կողմից՝ կառավարությունը հավաստիացնում է, որ պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազելու է և դրանից հետո էլ շարունակելու է նվազել։

Ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների՝ ՀՀ կառավարության պարտքը (60% սահմանափակումը վերաբերում է հենց կառավարության պարտքին) 2017 թվականի վերջին կազմելու է 6 մլրդ 233 մլն դոլար, իսկ 2018 թվականի վերջին՝ 6 մլրդ 611 մլն դոլար։

Սակայն, չնայած պարտքի՝ բացարձակ թվով աճին, հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ նվազելու է 1 տոկոսային կետով՝ 55.1%-ից հասնելով 54.1%-ի։ Ըստ հիմնավորման, նվազումը պայմանավորված է լինելու տնտեսական աճով և շարունակական է լինելու։

Գլխավոր հարցը, որ այս ամենն իմանալուց հետո կարող է մարդու գլխում ծագել՝ հետևյալն է. ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում բացառություններ սահմանել պարտքի 60% շեմի համար, եթե համոզված է, որ այդ շեմին չենք հասնելու։ Հակառակը՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է։ Ֆիննախն այս հարցին պատկերավոր պատասխան է տալիս՝ նշելով, որ ավելի լավ է տանիքը վերանորոգել արևոտ օրով, քան սպասել անձրևին։

Պարզ ասած, ըստ Ֆիննախի, պետական պարտքի առումով այժմ եղանակն «արևոտ է»։ Ավելին՝ ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին սպասվում է է՛լ ավելի արևոտ եղանակ։ Սակայն տանիքն է ծակծկված։ Կառավարությունն էլ, ամեն դեպքում, չի բացառում անձրևի, անգամ՝ կարկուտի հավանականությունը, և վերանորոգում է տանիքը, որպեսզի հնարավոր կարկուտի ժամանակ ստիպված չլինի մուրճը ձեռքին տանիք բարձրանալ։

Տեսանյութեր

Լրահոս