
Իլոն Մասկի Tesla-ընկերության աննախադեպ գործարքը

Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրամոբիլների արտադրության նոր գործարան հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռք բերել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Էլեկտրամոբիլների զանգվածային արտադրությամբ զբաղվող Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն Չինաստանի իշխանությունների հետ Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրական մեքենաների արտադրության նոր գործարանի բացման վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերել:
Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Չինաստանում սեփական ձեռնարկություն հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռքբերել՝ պահպանելով իր ընկերության ակտիվների 100 տոկոսը: Մինչ այժմ Չինաստանը պարտադրում էր օտարեկրյա ավտոարտադրողներին իր տարածքում համատեղ բիզնես գործունեություն ծավալել տեղական ընկերությունների և գործարարների հետ:
Ազատ առևտրի գոտում նման բացառիկ արտոնություններ տալով՝ Չինաստանը ցանկանում է խթանել իր երկրում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների զանգվածային արտադրությունը:
Ներկայումս, Չինաստանը էլեկտրական մեքենաների զանգվածային արտադրության ոլորտում աշխարհի առաջատարն է: «Դեբ էլ» ընկերության տվյալներով՝ վերջին կես տարում միայն Չինաստանում արտադրվել է 180 հազար էլեկտրակմեքենա: