Մեդվեդևը հրաժարվեց Կարեն Կարապետյանից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից: Մի բան, որն ամենից ավելի է անհրաժեշտ Հայաստանին, ընդ որում նաև ոլորտներում, որտեղ սեփականատեր են կամ հավատարմագրային կառավարիչ են ռուսական պետական կորպորացիաները, բայց այդ հանգամանքը ոչ միայն չի բերում այդ ոլորտների զարգացման, այլ հանգեցնում է նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի խորացման ու ճգնաժամի: Վկայությունը էլցանցերն էին: Սակայն Մեդվեդևի այցի շրջանակում ներդրումների մասին խոսակցությունը առանձնահատուկ տեղ պետք է ունենար նաև մեկ այլ ասպեկտի շնորհիվ:
Հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդևի հետ հանդիպմանը նա հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին, որն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հավանության էր արժանացել Մեդվեդևի մոտ:
Անցել է մի քանի ամիս և Հայաստան է այցելել Մեդվեդևը, բայց խոսք չկա դեռևս հունվարին Կարեն Կարապետյանի առաջ քաշած գաղափարի մասին, որը կարծես թե արժանացել էր Մեդվեդևի հավանությանը:
Մինչդեռ, եթե հավանությունը կար, ապա պետք է որ մի քանի ամիս հետո, նաև օգտվելով այցի առիթից, որևէ արդեն ավելի կոնկրետ քայլ արվեր այդ հիմնադրամի ուղղությամբ: Սակայն ոչ միայն քայլ չկա, այլ հիշատակում ընդհանրապես:
Հետևաբար, կամ Մեդվեդևը փոշմանել է, կամ՝ նա ընդամենը տվել էր ձևական հավանություն, առանց լուրջ մտադրությունների:
Բայց Կարեն Կարապետյանը հունվարին փորձեց այդ հանգամանքը օգտագործել իր ներքաղաքական կշիռը բարձրացնելու համար, մոսկովյան այցի միջոցով ցույց տալով, որ Ռուսաստանն իրեն ընդունում է ոչ միայն որպես մենեջեր, այլ նաև Հայաստանի քաղաքական ղեկավարի իրական թեկնածու:
Այժմ, ներդրումային համատեղ հիմնադրամի թեմայի, այսպես ասած, բացակայությունը փաստորեն կարող է վկայել ուղիղ հակառակը:
Իհարկե, չի բացառվում անգամ, որ Մեդվեդևը դեմ չէր լինի Կարապետյանին ներդրումներով ապահովելուն, բայց այդ առումով նա չի ստացել Պուտինի հավանությունը: Եվ ոչ այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին:
Պարզապես այդ խնդիրը Ռուսաստանի համար օրակարգային խնդիր չէ, և Պուտինը դեռևս 2016 թվականի օգոստոսին Սոչիում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն է հստակ ակնարկել, որ չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի իշխանությանը:
Դա էր նշանակում ԵՏՄ շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ի երկնիշ աճի մասին Պուտինի հայտարարությունը, ինչն այլ բան չէր, քան ազդակ, որ Ռուսաստանը Հայաստանին տվել է բավարար հնարավորություն, և մնացյալը կախված է Հայաստանից:
Եվ հարցը նաև այն չէ, որ Մոսկվայի համար չունի նշանակություն, թե ով է լինելու Հայաստանի Առաջին դեմքը 2018-ի ապրիլից հետո: Խնդիրն այն է, որ 2018-ի ապրիլից հետո Հայաստանի Առաջին դեմքը դե ֆակտո լինելու է այսպես ասած ցուցանակային, դեկորատիվ սուբյեկտ, քանի որ Հայաստանը շարունակելու է գտնվել անցումային ռեժիմում, որը կավարտվի ոչ շուտ, քան 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը:
Իսկ այդ առումով էլ Պուտինը ընթացիկ տարվա մարտին ընդունելով Սերժ Սարգսյանին, հայտարարեց, թե հույս ունի, որ Հայաստանը նրա գլխավորությամբ կիրականացնի սահուն և բարեհաջող անցում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: