
Հաթաթա ընտանիքներին՝ պետական մակարդակով. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերը գրում է. «Տպավորությունը, թե հայաստանյան հոգեբանների շրջանում բացասական վերաբերմունք կա «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի նկատմամբ, հաստատվում է մեր հարցումների արդյունքում: Ավելին՝ պարզվեց՝ օրենքի այս նախագծին դեմ են անխտիր բոլոր մասնագետները, որոնց մենք դիմեցինք՝ չնայած նրանց մի մասի համար ոլորտում նմանատիպ կարգավորումները սկզբունքորեն անընդունելի չեն:
Ընտանեկան բռնության մասին օրինագծի վերաբերյալ հոգեբանների կարծիքն ու նրանց համառոտ հիմնավորումը ներկայացնում ենք ստորեւ:
Կարինե Նալչաջյան – հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա)
Օրինագծին դեմ է
-Ես դեմ եմ եւ ունեմ լուրջ հիմքեր: Իհարկե, մարդը պետք է պաշտպանված լինի ե՛ւ ընտանիքում, ե՛ւ ընտանիքից դուրս. ամեն տեղ, ու եթե տվյալ երկրի Քրեական օրենսգիրքը դա թույլ է տալիս, ուրեմն լրացուցիչ օրենքներ ընդունելու կարիք չկա: Այլ խնդիր է, որ պետք է մարդկանց իրավագիտակցությունը այնպիսին լինի, որ իրենք, եթե սպառնալիքի տակ են, դիմեն իրավապահ մարմիններին: Բայց իրավապահ մարմինների նկատմամբ էլ պետք է վստահություն լինի, որը խնդիր է: Այնուամենայնիվ, մտնել ընտանիք, ընտանիքի ներսում այնպիսի հարցեր բարձրացնել… Կան բաներ, որոնք էթնոսպեցիֆիկ են: Մենք պիտի դա հաշվի առնենք: Շտամպներով ապրել չի կարելի: Չի կարելի ինչ-որ մի շտամպ վերցնել, բերել այստեղ ներդնել:
Այնպես որ ե՛ւ կինը, ե՛ւ երեխան, ե՛ւ տղամարդը, մեծն ու փոքրը պիտի պաշտպանված լինեն ամեն տեղ ու ոչ միայն ընտանիքում, բայց լրացուցիչ օրենքն իրավիճակն ընդամենը կսրի: Ես տեսնում եմ՝ կան գործոններ, որոնք ուղղակի ընտանիքի ներսում բռնություններ առաջացնելու պոտենցիալ ունեն իրենց մեջ:
Սամվել Խուդոյան – հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)
Օրինագծին դեմ է
Ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ այդ օրենքի նախագծով նախատեսվում է, որ ամուսինները կոնֆլիկտ չպիտի ունենան: Բայց ինչպես կարող է կոնֆլիկտ չլինել ընտանիքում: Եվ եթե կոնֆլիկտ եղավ, դա դրսեւորվելու է հենց օրենքում նկարագրված բռնության ձեւերով, ուրիշ ոչ մի այլ կերպ: Ու փաստորեն ամեն մի կոնֆլիկտ կարող է դառնալ ընտանիքի մեջ այլ մարդկանց, կառույցների, ոստիկանության, իրավապահների քիթը խոթելու առիթ: Իսկ ինչպես էլ լինի, ցանկացած ընտանիքում տարվա մեջ մի 20 անգամ կոնֆլիկտային իրավիճակներ կստեղծվեն, ու եթե ասենք կողքի մարդիկ ուզենան վատություն անել, կօգտագործեն այդ կոնֆլիկտները եւ այլն, եւ այլն:
Այս օրենքի ընդունումից հետո ահռելի գումարներ են ծախսվելու, եւ դա՝ պատերազմող երկրում, որն ամեն րոպե կարող է կործանվել. կացարաններ կառուցել, վերանորոգել, սնունդ տրամադրել, այդքան ծառայություններ իրականացնել, թղթաբանություն, դատարաններ, փորձագետներ… Այդ ամենը միլիարդավոր դրամներ, միլիոնավոր դոլարներ են արժենալու, որոնցով մենք կարող ենք զինել մեր բանակը, նորագույն զենքեր առնել: Իսկ ինչքան կաշառակերություն ու թալան կլինի այդ պրոցեսում: Դրա համար էլ մեր կաշառակեր պաշտոնյաները բոլորը կողմ են այդ օրենքի նախագծին: Բոլորը շատ ուրախ են, որովհետեւ իրենց համար մե՜ծ-մեծ թալանի ոլորտ կբացվի եւ կկարողանան այդ ուղղությամբ իրենց ախորժակը բավարարել: Նածագծին կողմ են նույն այն մարդիկ, որոնց ունեցվածքը իրենց աշխատավարձից միլիարդ անգամ ավելի բարձր է: Որտեղի՞ց այդ փողերը: Հարցնող չկա:
Հրանտ Ավանեսյան – հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Երեւանի պետական համալսարան)
Այս տեսքով օրինագծին դեմ է
Նախ օրինագծի շուրջ առաջացած աղմուկն է շատ զարմանալի եւ միգուցե նույնիսկ հրահրվող: Դեմ ու կողմի հարց չէ այստեղ: Ուրիշ հարց է, որ այդ խնդիրը պետք է տեղացի հոգեբանների, մանկավարժների եւ ընտանիքի մասնագետների հետ մինչ այդ քննարկվեր, գիտաժողովներ կամ սեմինարներ անցկացվեին, ինչից հետո նոր կարելի էր այդպիսի քայլի դիմել: Հիմա դրամաշնորհ են շահել, ինչ են արել, ինչո՞ւ են այդքան արագ գործում, մի քիչ անհասկանալի է, բայց որ ընտանեկան բռնության խնդիրը թաքնված գոյություն ունի, միանշանակ: Օրենքին սկզբունքորեն դեմ չեմ եւ որպես հոգեբան էլ տեղյակ եմ, որ կա ընտանեկան բռնություն: Դա նույնիսկ իմ արտասահմանյան գործընկերներն էին նկատել: Այսինքն՝ ե՛ւ հայաստանցի, ե՛ւ դրսի մասնագետները գիտեն, որ կա խնդիր, բայց այս ձեւով օրինագծին դեմ եմ: Այն չպետք է լինի արտագրված կամ «քոփի-փեսթ» արած տարբերակով: Քննարկումները մինչ այդ պետք է սկսվեին, հետո խնդիրը լուծում ստանար: Միգուցե օրինագիծ ունենալու կարիք էլ չլիներ: Այլ բան է, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի իր իրավունքներին, համապատասխան ինստիտուտները պետք է դրանով զբաղվեն, մենք ունենք սոցիալական աշխատանքի համակարգ, որն ընտանիքների հետ զբաղվում է, այդ պրոֆիլի տարբեր հասարակական կազմակերպություններ կան: Բայց դարձնել պետական ծրագիր, պետության մակարդակով հաթաթա անել ընտանիքներին, չգիտեմ ինչքանով ճիշտ է:
Նարինե Հարությունյան – հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (Երեւանի պետական համալսարան)
Այս տեսքով օրինագծին դեմ է
-Քննարկվող օրենքի նախագծին ես միայն մասնակիորեն եմ կողմ: Դրույթներ կան, որոնք լավ չեն ձեւակերպված: Դրանք լավ չի ընկալվում հասարակության կողմից, եվրոպական երկրների ծանոթ փորձը նրա մեջ վախ է առաջացնում, որովհետեւ հայկական ընտանիքներն իրենց բնույթով երեխայակենտրոն են, ու ցանկացած հայ մարդու մեջ անհանգստություն է առաջանում, որ կարող են գալ, իր երեխային իր ձեռքից տանեն ուղղակի կամ անուղղակի:
Օրինագիծը, երբ փորձում եմ խորքային նայել, ըստ էության, պարունակում է փուլային աշխատանք. սկզբից պիտի պրոֆիլակտիկա, ընդհանուր հարցումներ անցկացվեն, դուրս բերվի վիճակագրություն, բռնության խորքային ձեւեր… Ի վերջո պետք է տարանջատենք, ո՞ր բռնության ձեւի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ով է աշխատել օրինագծի վրա, բայց ամենաառաջին հերթին ոչ թե սոցաշխատողներ, ոչ թե իրավաբաններ, այլ հոգեբաններ պիտի աշխատեին, որովհետեւ այնտեղ հստակ գրված էլ չէ, թե բռնությունը ո՞ր սահմանից է դառնում բռնություն, հարաբերությունների ո՞ր որակն է կարող համարվել բռնություն:
Ես կարծում եմ, որ օրինագծի վրա հոգեբան չի աշխատել, որովհետեւ այնտեղ ընդհանրապես հոգեբանի ձեռագիր չկա»: