«Կարեն Կարապետյանի հնարավորությունները քիչ են». Ալեքսանդր Իսկանդարյան
«2018թ. ապրիլին Հայաստանում փոխվում է կառավարման համակարգը։ Ամենակարևորն այն չէ, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի, խնդիրը դա չէ, մարդիկ կարևոր չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Համակարգը, երբ երկիրը ղեկավարվում է նախագահական նստավայրից, և այն համակարգը, երբ այն ղեկավարվում է խորհրդարանից, տարբեր են։ Եթե նախկինում նախագահն ուներ հնարավորություն՝ իր աշխատասենյակից ղեկավարել երկիրը, ապա հիմա վարչապետը պետք է խորհրդարանի մեծամասնության հետ համաձայնեցնի իր որոշումները։ Պարզ է, որ ՀՀԿ-ն է խորհրդարանական մեծամասնությունը, բայց նաև պարզ է, որ խորհրդարանում տարբեր խմբավորումներ կան, այնտեղ կա մրցակցություն։ Այնտեղ կա պայքար ռեսուրսների, իշխանության համար, և այդ մարդկանց հետ պետք է պայմանավորվել. ՀՀԿ-ի ներսում պայմանավորվել»,- պարզաբանեց Իսկանդարյանը։
Քաղաքագետն ասաց, որ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք Սահմանադրությունը փոխվել է, բայց նրանց կառավարման ժամկետները դրանից չեն երկարել. «Սերժ Սարգսյանի մոտ կստացվի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Այն, ինչ մարդիկ ցանկանում են անել, և այն, ինչ ստացվում է, տարբեր են»։
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի հնարավորություններին, նա ասաց, որ, ի տարբերություն շրջանառվող մյուս անունների՝ Կարապետյանը չունի ՀՀ ներքին կառավարման համակարգում աշխատելու փորձ, նա չի մեծացել ՀՀԿ-ի ներսում, և այլն.
«Հետևաբար՝ նրա պայքարի միջոցը համարվում է ոչ թե «ապարատային» պայքարը, այլ փորձերը՝ ինչ-որ բան անել ոչ քաղաքական համակարգով՝ PR, բարեփոխումներ, զարգացման խոստումներ, ներդրումների գրավում, արտաքին շուկաներում աշխատելու փորձեր, և այլն։ Դրանք այն գործիքները չեն, որոնք օգտագործվում են ապարատի ներսում եղած մարդկանց կողմից, որտեղ պայքարն «ապարատային» է։ Կհասցնի՞ մինչև ապրիլ Կարապետյանն իր սեփական ապարատի կշիռը մեծացնել, այսինքն՝ ունենալ համախոհներ, որոնք նրան կաջակցեն, ժամանակը ցույց կտա»։