
Շվարցենեգերը պատմել է՝ ինչ սպասել «Թերմինատոր» ֆրանշիզայի շարունակությունից

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, թե ինչ սպասել «Թերմինատոր» ֆրանշիզայի շարունակությունից:
Այդ մասին հայտնել է Business Insider-ը: Նրա խոսքով՝ վեցերորդ մասում ֆիլմի ստեղծողներին կհաջողվի խուսափել այն սխալներից, որոնք թույլ են տրվել նախորդ ֆիլմում: «Ինձ թվում է՝ Ջեյմս Քեմերոնը եւ Թիմ Միլլերը եկել են մի հայեցակարգի, որի օգնությամբ նրանք կկարողանան շարունակել T-800 ռոբոտի պատմությունը, ընդ որում՝ ստեղծելով բոլորովին նոր կինոնկար»,- հայտարարել է նա:
«Նրանք պարզապես թողնում են մի քանի հիմնական հերոսների, օրինակ՝ Լինդա Հեմիլթոնի հերուսուհուն և իմ հերոսին, և մոռանում մնացած ամեն ինչի մասին»,- հավելել է դերասանը: Հեմիլթոնը Սառա Քոնորի դերակատարն է ապագայից եկած ռոբոտի մասին առաջին և երկրորդ կինոնկարում:
Նա իր հերոսուհուն կվերադառնա վեցերորդ ժապավենում: Որպես մարտաֆիլմի ռեժիսոր հանդես կգա Թիմ Միլլերը, պրոդյուսերը կլինի օրիգինալ կինոնկարի հեղինակ Ջեյմս Քեմերոնը: Այն, որ Շվարցենեգերը նկարահանվելու է «Թերմինատոր»-ի վեցերորդ մասում, հայտնի է դարձել մայիսին: «Ֆիլմը վերադառնում է: Այն շարժվում է առաջ: Քեմերոնը մի շարք լավ գաղափարներ ունի՝ թե ինչպես շարունակել ֆրանշիզան: Եվ ես այնտեղ լինելու եմ»,- հայտարարել է 69-ամյա դերասանը: