Բաժիններ՝

Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտի նախարարները փորձարկեցին Երևան-Գյումրի էլեկտրագնացքը

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարներ Մաքսիմ Սոկոլովն ու Վահան Մարտիրոսյանը փորձարկեցին Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքը, որը նախատեսված է շահագործման Երեւան-Գյումրի ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնացքը փորձարկման փուլում է, որպեսզի հասկանալի լինի, թե ռելիեֆային պայմաններում ինչ խնդիրներ կառաջանան եւ արդյոք գնացքի մոդեռնիզացման կարիք կլինի՞:

«Շնորհավորում եմ բոլորիս նման էլեկտրագնացք ունենալու կապակցությամբ: Իհարկե, ընտրված է Երեւան-Գյումրի ուղղությունը, որովհետեւ ուղեւորափոխադրումների մեծ մասն այսօր իրականացվում է դեպի Գյումրի: Բացի դրանից, Կառավարությունը ծրագիր ունի՝ կապված Գյումրիում զբոսաշրջության զարգացման հետ: Մենք հայտարարել էինք, որ այն կսկսի գործել փետրվարին, սակայն հուսանք, որ դա տեղի կունենա ավելի շուտ»,- հաղորդմամբ՝ ասաց նա:

Անդրադառնալով գնային քաղաքականությանը՝ նախարարը նշեց, որ այն լինելու է ճկուն:

«Ինչպես տեսնում ենք, երկու վագոններում տարբեր կարգեր են, այսինքն՝ համապատասխանաբար տարբեր գներ կլինեն»-ընդգծեց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կրճատվելու է նաեւ երթևեկության տեւողությունը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն իր հերթին ասաց, որ գնացքը բավականին հարմարավետ է, համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին:

«Այս տարվա ամռանը, Հայաստան այց էր կատարել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը: Այդ այցի շրջանակում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել էր «Հարավկովկասյան երկաթուղու» շարժակազմի արդիականացման հարցը: Դրանից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը զանգահարեց ինձ եւ խնդրեց արագացնել խնդրի լուծման գործընթացը: Ինչպես տեսնում եք, էլեկտրագնացքը Հայաստանում է, այդ կապակցությամբ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկաթուղայիններին: Շնորհակալություն եմ հայտնում թիմային աշխատանքի համար: Նշեմ, որ կոնսեսիոն կառավարման տարիների ընթացքում ներդրումների հիմնական մասը կատարվել է երկաթգծերի վերակառուցման, կայարանների արդիականացման, նոր շարժակազմի ձեռք բերման ուղղությամբ»,-նշեց նա:

Ռուսաստանից բերված նոր գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, կահավորված է հարմարավետ աթոռներով: Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս