«Ադրբեջանը պատրաստ է ցանկացած տեղում համաձայնել հանդիպման, որովհետև դրանցից առաջ կամ հետո հայկական կողմը զոհ է ունենում». Լարիսա Ալավերդյան
«Ռազմավարական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ անդամ չի փոխվել. բոլոր խաղացողները հետևում են այն որոշմանը, որն ընդունված է եղել ԵԽ-ի կողմից դեռ 1991թ. դեկտեմբերին. այն է՝ ճանաչել բոլոր նախկին սովետական հանրապետությունները սովետական սահմաններում, և դրանից են բխեցնում այդ բոլոր սկզբունքների կիրառումը՝ լինի դա տարածքների ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, թե անվտանգություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ Հայաստանը ստորագրել է այն հիմնական փաստաթղթերը, որտեղ դա ընդունվել է։
Ինչ վերաբերում է նախագահների հանդիպումներին, նա ասաց, որ դրանք չի կարելի բանակցություններ համարել, քանի որ, ըստ նրա՝ բանակցային գործընթաց չկա.
«Մինչև անգամ Ադրբեջանի վերլուծաբաններն են հասկանում, որ չի կարելի չճանաչել Արցախը՝ որպես այդ բախման կողմ։ Ադրբեջանն արել է ամեն ինչ, որ Արցախը չդառնա իրական բանակցությունների կողմ։ Ադրբեջանը՝ որպես հանդիպումների գործընկեր, ընտրել է զուտ Հայաստանին, որովհետև, եթե լինի Ադրբեջան-Արցախ, ապա ստացվում է, որ Ադրբեջանը ստիպված ընդունում է, որ ինքը տարիներ շարունակ բանակցային կողմ է ճանաչել հենց Արցախը։
Ադրբեջանը պնդում է, որ այս բախման ու բանակցային կողմ ճանաչում է միայն Հայաստանը, և դրանով ինքնորոշման սկզբունքը փոխարինում է այլ երկրի կողմից ագրեսիայի։ Ալիևները հստակ վերցրել են այդ ճանապարհը ու շարունակում են։ Այս հանդիպման ժամանակ ևս որևէ այլ հայտարարություն չկա։ Երբ Հայաստանը գնում է այդ հանդիպումներին, դա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է այդ հունը»։
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ցանկացած հանդիպման մասին լուրը լսելիս՝ մտահոգվում է, որովհետև գիտի՝ դրան նախորդելու կամ հետևելու է հայկական կողմի հերթական զոհը սահմանին.
«Դա ոչ միայն քաղաքական, այլև խորքային, մշակութային հիմքեր ունի։ Մեր տղաները զոհվում են, որովհետև դա Ադրբեջանի ձեռագիրն է. նա պատրաստ է ցանկացած տեղում համաձայնել հանդիպման, որովհետև իրենք գումարում են այդ զոհերին ևս մեկ-երկուսը։ Եթե ես սխալ եմ, ապա ցույց տվեք մի հանդիպում, մանավանդ՝ 2014թ. հետո, որ նման բան տեղի չի ունեցել»։
Հետևաբար, ըստ Ալավերդյանի՝ որևէ հույս չի կարելի կապել նախագահների հանդիպումների հետ. «Դա գործընթաց է, որտեղ ՄԽ համանախագահները փորձում են թեկուզ վատ որակի խաղաղություն պահպանել, որովհետև դա է իրենց մանդատի հիմնական մեխը։ Հայաստանի խնդիրը հետևյալ դաշտում է՝ փոխել այն պատկերացումը, որը 1991 թվականից ստեղծվել է Արցախի հարցի շուրջ»։