
Պորոշենկոն բացառել է վաղաժամկետ ընտրությունների հնարավորությունն Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչին ձգտում է հասնել ընդդիմությունը։
«Մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել նախագահի եւ Գերագույն ռադայի ընտրությունների հերթական ընտրական շրջափուլի սկսվելուն եւ, ինչպես ես ձեզ արդեն ասել եմ, վաղաժամկետ ընտրություններ չեն լինելու, ինչը եւ մենք կապահովենք»,-հայտարարել է նա՝ հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Տարածաշրջանային զարգացման խորհրդի նիստում:
Նրա խոսքով՝ Գերագույն ռադայի պատերի մոտ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներին չի հաջողվի ապակայունացնել իրադրությունը, քանի որ 30-40 մարդու մասնակցությամբ հանրահավաքը չի կարելի համարել զանգվածային բողոք:
Պորոշենկոյի ներկայիս հայտարարությունը հնչելէ երկրում տիրող քաղաքական տրամադրությունների վերաբերյալ հոկտեմբերի 23-ին հրապարակված նոր սոցիոլոգիական տվյալների ֆոնին: Այսպես, սոցիալական հետազոտությունների «Սոֆիա» կենտրոնի վկայությամբ, հարցվածների 79 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը:
77 տոկոսը բացասաբար է ընկալում վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի աշխատանքը: Ընդսմին Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրությունների անցկացման գաղափարը պաշտպանել է հարցվածների 55,8 տոկոսը, իսկ նախագահի վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես է եկել 53,1 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: