Բաժիններ՝

Չինաստանում վերջին տարիներին գործազրկության ցածր մակարդակ է եղել

Չինաստանում վերջին հինգ տարում բնակչության զբաղվածության ոլորտի իրադրությունն ընդհանուր առմամբ կայուն է եղել, գրանցված քաղաքային գործազրկությունը եւ հարցումների տվյալներով գործազրկությունը եղել են «համեմատաբար ցածր մակարդակի վրա»:

Այդ մասին, ինչպես հայտնել է «Սինհուա» գործակալությունը, հոկտեմբերի 22-ին ասել է բարձրաստիճան մի պաշտոնյա: «Այս արդյունքները հեշտությամբ չեն տրվել, եթե հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսության աճի տեմպերի դանդաղումը, կառուցվածքային փոփոխությունների խորացումը եւ աշխատուժի հսկայական զանգվածի առկայությունը»,-ասել է ՉԺՀ-ի աշխատանքային ռեսուրսների եւ սոցիալական ապահովության նախարար Ին Վեյմինը՝ ելույթ ունենալով Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

Այստեղ հայտնել են, որ այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ Չինաստանի քաղաքներում գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 3,95 տոկոս, որը դարձել է վերջին տարիների ամենացածր ցուցանիշը: ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչության կողմից հրապարակված տվյալների համաձայն, հարցման արդյունքներով, որն անցկացվել է երկրի գլխավոր քաղաքում, գործազրկության մակարդակը կազմել է4,83 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է դարձել 2012 թվականից ի վեր:

Ին Վեյմինի խոսքով՝ զբաղվածության ոլորտում նպաստավոր իրադրությունը ձեռք է բերվել այդ ոլորտի նկատմամբ ՉԿԿ-ի կողմից ցուցաբերվող մեծ ուշադրության, ազգային տնտեսության կայուն եւ առողջ զարգացման, բարեփոխումներից շահաբաժիններով բնակչության լայն ընդգրկման, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման գրագետ քաղաքականության կենսագործման շնորհիվ:

Չնայած ձեռք բերված հաջողություններին, գործազրկության ճնշումը դեռեւս պահպանվում է, քանի որ առաջիկա երեք տարվա ընթացքում քաղաքներում ամեն տարի հարկ կլինի ստեղծել ավելի քան 15 մլն նոր աշխատատեղ, ասել է նախարարը, հավելելով, որ հաջորդ տարի բուհերը տալու են 8 միլիոնից ավելի շրջանավարտներ: Նա հայտարարել է, որ նախարարությունը պատրաստ է շարունակել ակտիվ աջակցությունը զբաղվածության ոլորտում, ակտիվացնել մասնագետների պատրաստումը, խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը եւ պաշտպանել աշխատավորների իրավունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս