Բաժիններ՝

Ռուսթավելին պետք է վերանվանել Տիֆլիսսկայա

Գյումրու Ռուսթավելի փողոցն անհրաժեշտ է վերանվանել հին անունով՝ Տիֆլիսսկայա: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց գյուրջիևագետ, «Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության» նախկին պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը:

«Փողոցը Ռուսթավելի կոչվել է Սովետական ժամանակաշրջանում: Փողոցի հին անվանումն է Տիֆլիսսկայա, որը եղել է Ալեքսանդրապոլ քաղաքի հատակագծային-ճարտարապետական կարևոր փողոցներից մեկը: Թիֆլիսը հայկական հնագույն գաղթօջախներից մեկն է եղել: Այն, թեև Վրաստանի մայրաքաղաքն է, բայց հայկական մեծ համայնք է ունեցել: Ռուսթավելի փողոցի վերանվանումը նպատակահարմար է՝ ի պատիվ մեր հարգարժան, բարեկամ ժողովրդի»,- նշեց Ավետիք Մելիք-Սարգսյանը:

Անդրադառնալով հիմնանորոգված Ռուսթավելի փողոցին՝ Ավետիք Մելիք-Սարգսյանը նշեց, որ մշակութային տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևոր է, թե որքանով է վերանորոգված փողոցը համապատասխանում «Կումայրի» արգելոցի պատմաճարտարապետական կոլորիտին:

Ավետիք Մելիք-Սարգսյանը կարծիք հայտնելով Գյումրու փողոցների վերանվանման վերաբերյալ՝ նշեց, որ հայազգի մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի անունով պետք է կոչել այն փողոցը, որը մեծանուն բարերարի կերպարն է արտացոլում. այսինքն՝ Երևանյան խճուղին:

«Այստեղ նրա 20-ից ավել կառուցած շենքեր կան, ուստի նախկին Ալեքսանդրավսկի, ներկայիս Աբովյան փողոցի մի հատվածը Քըրքորյանի անունով կոչելն ընդհանրապես պարադոքս էր, որը ոչ մի հիմնավորում չունի»:

Գյուրջիևագետի պնդմամբ՝ ԽՍՀՄ տարիներին ավանդույթ է եղել տարբեր ժողովուրդների, բազմազգ ազգությունների նշանավոր մարդկանց անուններով կոչել Լենինականի փողոցները. Սչորսի փողոց, Կեցխովելի, Չապաևի փողոց, որոնք Սովետական գաղափարախոսությունն արտահայտող փողոցներ են եղել:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Գյումրու վերանվանման անհրաժեշտությանը՝ «Կումայրի» կամ Ալեքսանդրապոլ անուններով:

Նշենք, որ քաղաքն ի սկզբանե կրել է Կումայրի անվանումը: Հետագայում՝ մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ,1924-1990 թվականներին՝ Լենինական:

ՀԳ Գյումրու Ռուսթավելի փողոցի բացումից հետո աճել է փողոցի տների հանդեպ գործարարների հետաքրքրությունը: Բնակիչների պատմելով՝ այսօր մի խումբ մարդկանց հետ մի գործարար էր այցելել փողոց, ով հետաքրքրվում էր փողոցում առկա այն տներով, որոնք ենթակա են վաճառքի:

Մասնավորապես անձն, ով ցանկանում էր գնել փողոցի տներից մեկը, հետաքրքրվել է փողոցի N 19 տնով, որի պատուհանները փակ էին:

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ով է այցելել Ռուսթավելի փողոց, այդ մասին տեղեկատվություն տրամադրում է «Կումայրի Վերածնունդ» հիմնադրամը: Իրենք էլ շատ դեպքերում քաղաքապետարանին տեղեկատվություն չեն տրամադրում:

Նշենք, որ «Կումայրի» արգելոցի տարածքի տներով հետաքրքրված է գործարար Սամվել Կարապետյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և սփյուռքահայ մի գործիչ:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս