Ինչպե՞ս ավելացնել պետական պարտքը` առանց շեմը բարձրացնելու
ՀՀ ֆինանսների նախարարությունը` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ, վերանայում է հարկաբյուջետային կանոնները և մշակում դրանց արդիականացման նախագիծ: Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 2018թ. պետական բյուջեի քննարկումների շրջանակներում ֆինանսների փոխնախարարներ Ատոմ Ջանջուղազյանը և Արմեն Հայրապետյանը ներկայացրեցին նախատեսվող փոփոխությունները:
Ա. Հայրապետյանի խոսքով` ճգնաժամի պատճառով աշխարհի բոլոր երկրներում դեֆիցիտներն աճել են, իսկ դեֆիցիտի կուտակումը բերում է պարտքի փոփոխության, և պարտքի մակարդակը նույնպես բոլոր երկրներում աճել է: Հայաստանում հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլիկային, մինչդեռ նախքան 2009 թ. ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող: Ա. Հայրապետյանը նշեց, որ 2016թ.-ին պետական պարտքը գերազանցել է 50%-ը, Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրվող պարտքը գնալով պակասում է, քանի որ միջին եկամուտ ունեցող երկիր ենք համարվում, և դա դժվարացնում է խնդիրը` հետագայում տոկոսների սպասարկման տեսանկյունից: Նրա խոսքով` մինչև 2008-ը պարտքը նվազել էր ՀՆԱ-ի մինչև 13%, այդ ժամանակ նաև փոխարժեքի էֆեկտը կար, իսկ հիմա պարտքը վեր է բարձրացել հաշվեկշռի հաշվին, 2015-ի վերջին փոխարժեքի կտրուկ տատանում եղավ: Ըստ նրա` շատ ավելի կարևոր է թիրախավորել տնտեսական գործոնները:
Նշելով, որ Հայաստանի պետական պարտքի ներկա մակարդակը 60 % սահմանագիծն անցնելու բարձր ռիսկ ունի, փոխանախարարը թվարկեց պարտքը կայունացնող կանոնները` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը, 50%-ը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին 3 տարիների ծավալների միջին ցուցանիշի 3%-ը:
«Այս կանոնների պահանջներին չհամապատասխանող կառավարության պարտք առաջացնող գործարքն առոչինչ է»,- նկատեց Ա.Հայրապետյանը:
Որպես թերություն՝ նա նշեց կանոնների կոշտ լինելը, որ հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի մեծ դեր տնտեսության կայունացման հարցում, պարունակում են պրոցիկլիկության տարրեր և պարտքի շեմերը գերազանցելիս թույլ չեն տալիս արձագանքել տնտեսական շոկերին, չեն պարունակում ծախսերի օպտիմալ կառուցվածքի և երկարաժամկետ տնտեսական աճ ստեղծող կապիտալ ծախսերի առաջնահերթությունն ապահովող տարրեր, ինչպես նաև բացառություններ չեն նախատեսում (ճգնաժամ, աղետ, պատերազմ և այլն):
Հարցին` ի՞նչ է լինելու, եթե նոր պարտք չի վերցվում, բայց փոխարժեքի տատանման հետևանքով՝ այն անցնում է 60%-ը, Ա. Ջանջուղազյանը պատասխանեց, որ այսօրվա գործող կանոնը սահմանված է 2008թ.-ին, երբ պարտքը 13-14% միջակայքում էր և չափազանց հեռու էր 60%-ից. «Այսօր հեղհեղուկ է պատասխանը, իրավական դաշտում պետք է գնահատական տրվի և կանոնը կտարածվի դրանից հետո կատարվող գործարքների վրա»:
Ճգնաժամից հետո բազմաթիվ երկրներ բարելավել են կանոնները և ծախսային նոր կանոններ ներդրել, օրինակ` Բուլղարիան, Դանիան, Էկվադորը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Լեհաստանը, և այլն:
Ա.Ջանջուղազյանը նշեց, որ ԱՄՀ-ն առաջարկել է ֆիսկալ կանոնների իր տարբերակը, սակայն Ֆինանսների նախարարությունն էլ մշակել է սեփական տարբերակը:
«Ո՞րն է մեր և ԱՄՀ գործընկերների տարբերությունը. մենք ավելի սրտացավ ենք մեր երկրի հանդեպ»,- նկատեց փոխնախարարը:
Ըստ նրա` պետական պարտքն ավելացվելու է, բայց խնդիրը ոչ թե դա է, այլ` պարտքի կառավարումը. «Չկա բացարձակ որևէ հասկացություն, և, եթե այսօր որևէ լուծում գնահատվում է՝ որպես լավագույն, 30-40 տարի հետո այն նորից չի համարվի լավագույն»:
Ա.Ջանջուղազյանը հայտնեց, որ նախարարությունում քննարկել են պարտքի շեմի փոփոխության խնդիրը, սակայն որոշվել է առաջիկայում այն թողնել անփոփոխ, իսկ խնդիրը լուծել հարկաբյուջետային փոփոխություններով. «Լրացնում ենք բացը և փորձում ենք լուծել խնդիրը` առանց շեմը փոփոխելու»:
Արտակարգ իրավիճակներում` ցնցումների դեպքում, ըստ Ջանջուղազյանի, պարտքը կավելացվի և կարող է գերազանցել 60%-ը, բայց` հետ վերադառնալու պարտավորությամբ. «Նման դեպքում հաշվետվություն է ներկայացվելու ԱԺ, թե որքան և ինչու ենք ավելացնում պարտքը»: