Ինչով է հակազդելու Հայաստանը Բաքու-Թբիլիսի-Անկարա ռազմական առանցքին

Անկարա-Բաքու-Թբիլիսի ամրապնդվող էներգետիկ և ռազմական առանցքը շարունակում է խորացնել Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային անվտանգությունից` չնպաստելով տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հաստատմանը:

Ավելին, հայաստանյան վերլուծաբանների պնդմամբ՝ այս առանցքի նպատակը, որով հատկապես հետաքրքրված են Հայաստանի հետ հակամարտություններ ունեցող Թուրքիան և Ադրբեջանը, Հայաստանի և տարածաշրջանային երկրների միջև անդունդի ձևավորումն է, որն էլ ավելի փխրուն է դարձնում այս բարդ տարածաշրջանի անվտանգությունը: Օրերս Թբիլիսիում անցկացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Վլադիմիր Չաչիբայայի ու Հուլուսի Աքարի հանդիպումը։

Ըստ Վրաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային իրադրությունը։ Վրաց և ադրբեջանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ «նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն իրենց երկրների համար սպառնալիք հանդիսացող միջազգային ահաբեկչության, ագրեսիվ սեպարատիզմի և այլ դրսևորումների դեմ ջանքերի միավորման գործում»։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Զ. Հասանովը և Լևան Իզորիան համոզմունք են հայտնել, որ ռազմական ոլորտում համագործակցության հիմք են ստեղծում տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:

Հիշեցնենք, որ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը տնտեսական ձևաչափից անցում կատարեցին եռակողմ քաղաքական ու ռազմական հարաբերությունների ամրապնդմանը 2000-ական թթ.: Այդ համագործակցության կողմերը ցանկանում էին ապահովել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, որն Ադրբեջանից Թուրքիա է հասնում Վրաստանի տարածքով, անվտանգությունը:

Այս գաղափարն առաջին անգամ քննարկվել է 2000թ.: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով ռազմական այդ համագործակցության հիմքը դրվել է 2014թ.՝ Նախիջևանում, կողմերը, բացի հանդիպումներից ու քննարկումներից, նաև համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները հանդիպել էին այս տարվա մայիսի 23-ին՝ Բաթումում, որտեղ ստորագրվել է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին վերաբերող եռակողմ հուշագիրը։

Թեև պաշտոնական Երևանի արտահայտած մտահոգություններին Թբիլիսին մշտապես պատասխանել է «հանդարտեցնող» տոնայնությամբ, վստահեցնելով, որ համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ, այս համագործակցության ռիսկերի մասին մեկնաբանությունները Երևանում չեն դադարում:

Մեզ հետ զրույցում Վրաստանում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ այս եռակողմ համագործակցության հիմքը կամ խթանը Վրաստանի համար տնտեսական հենք ունի, քանի որ Վրաստանը տնտեսապես լրջորեն կապված է թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ:

Նա նշեց, որ բավական է խոսել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին, որոնցից Վրաստանը մեծ շահույթներ է ստանում: Ըստ նրա՝ տնտեսական և էներգետիկ բաղադրիչի տրամաբանական շարունակությունը ռազմական բաղադրիչն էր, որը, ինչպես տեսնում եք, այնքան խորը բովանդակություն չունի, որքան տնտեսական բաղադրիչը: Նա հստակեցրեց, որ ռազմական բաղադրիչը հակված է այս խոշոր տնտեսական պրոյեկտների պաշտպանությանը, որի համար անհրաժեշտ մակարդակի հասնելու համար երեք երկրների համապատասխան գերատեսչությունները ժամանակ առ ժամանակ համատեղ զորավարժություններ են իրականացնում:

Կախա Գոգոլաշվիլին նշեց, որ այս եռակողմ ռազմական համագործակցության կայացմամբ առավելապես հետաքրքրված են Թուրքիան և Ադրբեջանը, սակայն Վրաստանը ևս որոշ խնդիրներ է լուծում իր համար, հաշվի առնելով ռուս-վրացական հակամարտությունը և Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների առկայությունը: «Կարող եմ ասել, որ Վրաստանի համար ռազմական այս եռակողմ համագործակցությունն առաջին հերթին՝ տնտեսական գործոն է, քանի որ Վրաստանը տնտեսապես կախված է Թուրքիայից և Ադրբեջանից, ապա տարածաշրջանային կայունության, ամրության գործոն է, որը ոչ մի դեպքում չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ, քանի որ Վրաստան-Հայաստան հարաբերությունները դրական են, եղբայրական, և Վրաստանը չի կարող ներքաշվել հակահայկական սադրանքների մեջ»,- ընդգծեց վերլուծաբանը, շարունակելով` սադրանքները պետք է որ վերաբերեն Ղարաբաղյան հակամարտությանը և բուն հայ-վրացական հարաբերություններին, որոնց վերաբերյալ Վրաստանն իր անփոփոխ դիրքորոշումը հայտնել է միշտ, և Վրաստանի գործընկերները ևս իրազեկ են այդ մասին:

Գոգոլաշվիլիի համոզմամբ, այս եռակողմ համագործակցության ներկայիս ծավալն այնքան խորը չէ, որպեսզի Հայաստանը նույնիսկ անուղղակի կերպով վտանգ զգա այս համագործակցությունից: «Սրան զուգահեռ՝ կցանկանայի նշել, որ հայ-վրացական հարաբերությունները ևս զարգանում են, և այս հարաբերություններում նոր հեռանկարներ են ուրվագծվում` տարանցիկ և էներգետիկ: Դրանք դեռ բանակցությունների փուլերում են, բայց Վրաստանի համար այս ուղղությամբ համագործակցությունը ևս կարևոր է, հեռանկարային, ինչը Վրաստանը չի կարող հաշվի չառնել»,- ասաց վրացի քաղաքագետը:

Իր հերթին՝ Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ այդ համագործակցությունը չի խորանում, ինչպես հայ քաղաքագետներն են մեկնաբանում: Ըստ նրա, երեք երկրները պահպանում են հանդիպումների և համագործակցության տեմպը: Ցինցաձեն ասաց, որ հաշվի առնելով տարածաշրջանային բոլոր երկրների միջև առկա կապերը, լինեն դրանք տնտեսական, անվտանգային, էներգետիկ, Վրաստանը փորձում է պահպանել հավասարակշռություն, քանի որ այս բոլոր կապերը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի համար:

«Վրաստանը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման և բաժանարար գծերի վերացման կողմնակիցն է, այդ պատճառով Վրաստանը կարող է հայ-ադրբեջանական բանակցությունների համար արդյունավետ հարթակ լինել, քանի որ հակամարտության կարգավորմամբ հետաքրքրված առաջին երկրներից մեկը Վրաստանն է: Վրաստանը փորձում է պահպանել հավասարակշռությունը և չզարգացնել իր հարաբերությունները որևէ երկրի հետ՝ մյուսի հաշվին: Վրաստանը ՀՀ-ի հետ ևս բավականին սերտ համագործակցություն ունի պաշտպանության, անվտանգության ոլորտում:

Դրա վառ ապացույցն էր ՀՀ այն ժամանակ նորանշանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Վրաստան, որը բավականին հագեցած օրակարգ ուներ: Ի դեպ, ինչպես Հայաստանը մտահոգություններ ունի, այնպես էլ՝ Վրաստանը, քանի որ Հայաստանը ՌԴ-ի հետ միացյալ զորախումբ է ձևավորել, որը իբրև թե նպատակ ունի պաշտպանել Հայաստանին ագրեսիայից, բայց ամրապնդում է ՀՀ-ում, այսինքն` Հարավային Կովկասում, Ռուսաստանի ռազմական ներկայությունը, ինչն այդ երկրի հետ տարածքային հակամարտություններ ունեցող Վրաստանի համար ռիսկային հանգամանք է:

Այս առնչությամբ մեր Պաշտպանության նախարարությունները մշտապես համագործակցում են, վստահեցնում, որ մեկը մյուսի շահն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դնող քաղաքականություն չի որդեգրելու:

Վիգեն Սարգսյանի այցը Վրաստան տեղի ունեցավ նրա Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ ՀՀ Պաշտպանության նախարարը նախաստորագրել էր խմբավորման մասին համաձայնագիրը, այսինքն` հայկական կողմը Վրաստանում էր նաև պարզաբանելու, թե զորախումբն ինչ գործառույթներ է իրականացնելու, և որքանով է անվտանգ Վրաստանի համար, քանի որ Հայաստանը բավականին լուրջ սպառազինություն ունի, և պարզ չէ, թե զորախումբն ինչ սպառազինություն և ինչ պայմաններում, ինչ իրավիճակներում կտնօրինի:

Սրանք խնդիրներ են Վրաստանի համար: Բայց հայ-վրացական հարաբերությունները պատմական վստահության այնպիսի մակարդակ ունեն, որ Վրաստանի իշխանությունները հրապարակավ մտահոգություններ այս առնչությամբ չեն հայտնում:

Վրաստանի բոլոր փուլերի իշխանություններն ականատես են եղել, որ Հայաստանը չի միջամտել վրաց-ռուսական հակամարտությանը, պատերազմին, չի աջակցել Ռուսաստանին: Ի պատասխան Հայաստանի այս նվիրվածության՝ Վրաստանը փորձել է հաշտեցնող դերակատարություն ստանձնել տարածաշրջանային հակամարտություններում, թեև չի հաջողել, քանի որ դրանք բավականին բարդ պատմություն և ներկա ունեն:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ շեշտել, որ երկու երկրներն անվտանգության առումով միմյանց համար վտանգավոր առանցքներում են, սակայն վստահության մակարդակն այնքան բարձր է, որ վտանգների մասին խոսելն ավելորդ է: Խորհրդակցությունները, հանդիպումները և մտքերի փոխանակումներն այս առնչությամբ չափազանց հաճախ են տեղի ունենում»,- նման տեսակետ հայտնեց Սոսո Ցինցաձեն:

Վերջինս նաև ասաց, որ ճիշտ չէ նշել, թե Հայաստանը մեկուսացած է տարածաշրջանից: «Բացի Վրաստանից, Հայաստանը մեկ այլ տարածաշրջանային վստահելի գործընկեր ևս ունի՝ ի դեմս Իրանի, սա ևս այլընտրանք է Հայաստանի համար, հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ևս դրական է: Սրանք այս ձեր նշած առանցքին Հայաստանի այլընտրանքներն են, հակազդման կետերը՝ անհրաժեշտության դեպքում, բայց, ինչպես արդեն երկար մեկնաբանեցի, նման անհրաժեշտություն երբեք չի լինելու: Վրաստանը չի նսեմացնելու Հայաստանի շահերը՝ հանուն իր մեկ այլ գործընկերոջ»,- ասաց Ցինցաձեն:

Տեսանյութեր

Լրահոս