Բաժիններ՝

«Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ». Պարգև Օհանյան

168.am-ի զրուցակիցն է իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը

– Պարոն Օհանյան, վերջին շրջանում շատ բուռն քննարկվում է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Հասարակության տարբեր շերտերից  հակասական կարծիքներ են հնչում օրենքի նախագծի վերաբերյալ: Դուք ինչքանո՞վ եք ծանոթ այդ նախագծին և ի՞նչ խնդիրներ եք տեսնում այնտեղ:

– Կարելի է ասել՝ ծանոթ չեմ, շատ վաղուց մի թեթև ծանոթացել եմ նախագծին, բայց ինչքանով ծանոթ եմ, կարող եմ ասել, որ ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ:

– Ինչո՞ւ:

– Որովհետև այն, հայտնի ֆիլմի հերոսի խոսքերով ասած՝ մտնում է ամուսինների մատի ու մատանու արանքը: Մենք աշխարհում հայտնի ենք՝ որպես ընտանիքին սրբորեն վերաբերվող ազգ: Սահմանադրության ամրագրված է, որ ընտանիքը հասարակության բջիջն է, հիմա օրենքն ուզում է քիթը մտցնել այդ սուրբ հարաբերության մեջ՝ իբր ընտանիքների շահից ելնելով: Լսե՞լ եք այդպիսի բան, որ օրենքով սերը պաշտպանվի: Օրենքը կարո՞ղ է պաշտպանի սերը, որը պետք է լինի ընտանիքում, եթե չկա, պետք է ամուսնալուծվեն, այնքան հեշտ է մեր երկրում այդ հարցը:

– Բայց ինքներդ էլ գիտեք, որ հազվադեպ է լինում, որ հայ ընտանիքներն ամուսնալուծվում են՝ հաշվի առնելով երեխաների առկայությունը, կողքից խոսակցությունների գործոնը, ու շատ անգամ կանայք նախընտրում են, թեկուզ բռնությունների ենթարկվելով, ապրել իրենց ամուսնու հետ:

– Ենթադրենք՝ կանայք, ինքնազորհաբերվելով, իրենց դժբախտության հաշվին, չեն բաժանվում, բայց կարո՞ղ ենք մենք միջամտել օրենքով, այդ կնոջը ստիպենք, որ ինքն այլ ընտրություն կատարի: Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ ողբերգություն կլինի, դա կրկնակի ողբերգություն է: Ցավոք, մենք հարցին շատ աշխարհիկ ենք նայում, այստեղ հոգևոր ոչ մի հանգամանք, ոչ մի խորհուրդ, խրատ հաշվի չենք առնում, որ այդ ընտանիքն Աստծուց է ստեղծվել, Աստված ասաց՝ ընտանիք կազմեք, աճեք, բազմացեք, հիմա մենք ուզում ենք օրենքով մտնենք՝ Աստծու գործի մեջ խառնվենք ու ինչ-որ կարգավորումներ տանք: Ես լավ եմ հասկանում, որ դա Եվրոպային հաճոյանալու համար է արվում, նրանց պահանջն է, վարկեր չեն տա: Բռնությունը եկել է ամենասկզբից, Կայենը սպանեց Աբելին, ընդ որում, բռնության տարբեր տեսակներ կան, ու հիմնականում բոլորը նախատեսված են Քրեական և Ընտանեկան օրենսգրքերով: Այսինքն՝ դա կարգավորված է: Սեռական բռնությունները շատ ավելի մեծ տոկոս են կազմում, քան ընտանեկան բռնությունները, դե, մի հատ էլ սեռական բռնության մասին օրենք թող ընդունեն, ինչի՞ չեն ընդունում: Չեն ընդունում, որովհետև այդ հարցերի պատասխանները տրված են բոլոր երկրների սահմանադրությունների մեջ:

– Նախագիծը ներկայացնելիս հեղինակները վիճակագրություն են ներկայացնում, որ վերջին տարիներին Հայաստանում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը: Այդ վիճակագրությունն արդոք մտահոգիչ չէ՞, և չե՞ք կարծում, որ օրենքի ընդունումն ավելի շատ կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ:

– Իմ կարծիքով՝ չկա մարդ, որը չիմանա, որ բռնությունը հետապնդելի արարք է: Չգիտեմ՝ այդ ինչ տգետ պետք է գտնենք, որ ասի՝ իմ կինն ու երեխան իմ սեփականությունն են, ինչ ուզեմ՝ կանեմ: Բոլորն էլ գիտեն, որ, եթե կնոջը բռնության ենթարկեն, ենթակա են պատասխանատվության: Այլ հարց է, որ քրեական գործ կարող է հարուցվել՝ միայն, եթե առկա է բողոք: Դա էլ է հումանիստական, որովհետև ծեծել է, բայց կինը չի բողոքում: Հիմա այնպիսի օրենք են ուզում ընդունել, որ բողոքի, չբողոքի, ների, չների, եթե նման փաստ կա, ուրեմն՝ անում են այն, ինչ օրենքն է ասում: Հիմա հարց եմ տալիս՝ սա կամրապնդի՞ ընտանիքը, թե՞ կթուլացնի ու կքայքայի:

– Բայց օրենքի առկայությունն արդյոք չի՞ կանխարգելի բռնությունների դեպքերը:

– Կանխարգելելու համար արդեն կա օրենք, ու բավականին խիստ է՝ քրեական պատասխանատվության մասին է խոսքը: Հիմա եթե քյավառցին խմում է, կնոջը ծեծում է, ինքն էլ գիտի, որ իրեն դրա համար դատ է հասնում, եթե կինը բողոքի, բայց էլի անում է, էս օրենքը կօգնի՞:

– Որովհետև ինքը վստահ է, որ կինը չի բողոքի, իսկ այս պարագայում կինը բողոքի թե ոչ, իրեն պատասխանատվության են ենթարկելու, դա արդյոք չի՞ զսպի տղամարդուն, որ նա այդ բռնությունը չգործի:

– Չէ, ոչ մի օգուտ չի տա: Միամտություն է կարծելը, որ այս օրենքի վախի ազդեցության տակ՝ մարդն ինքը պետք է ձեռնպահ մնա բռնությունից: Միևնույն է, վերջին հաշվով՝ սրա հիմքում անառողջ հոգեվիճակն է, վատ սոցիալական վիճակն է, սիրո բացակայությունն է, այս հարցերի մասին է պետք մտածել, թե ինչպես անել, որ այդ հարցերը լուծեն: Ես չեմ արդարացնում այդ արարքը, բայց դատել էլ չի կարելի, Աստված է դատում: Հիմա մենք խառնվում ենք Աստծու գործին: Ես գրեթե համոզված եմ, որ այդ օրենքն ընդունվելու է, բայց ես հույս ունեմ, որ գործնականում չի կիրառվի այնպես, ինչպես շատ օրենքներ: Սա կլինի այն բացառիկ դեպքերից, երբ օրենքի չկիրառումն օգուտ կտա հասարակությանը, հասարակության բջիջին՝ ընտանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս