Բաժիններ՝

«Ռոսատոմն» ստացել է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման առաջին թույլատրագիրը

«Ռոսատոմն» ստացել է Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության առաջին թույլատրագիրը՝ սահմանափակ թույլտվությունը: Այդ մասին հայտնել է «Ռոսատոմը»:

«Շինարարության սահմանափակ թույլտվությունը հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել ատոմային էլեկտրակայանի բոլոր օբյեկտների շինարարական-մոնտաժային աշխատանքների կատարմանը, բացառությամբ այն շենքերի ու կառույցների, որոնք կարեւոր են «միջուկային կղզու» անվտանգության համար»,-պարզաբանում է «Ռոսատոմը»:

Դրա հետ մեկտեղ «Ռոսատոմ» պետական կորպորացիան հույս ունի, որ Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման հիմնական թույլատրագիրը, որն արտոնում է սկսել անմիջականորեն կայանի շենքերի եւ շինությունների կառուցումը, կտրվի մինչեւ 2018 թվականի կեսերը:

Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտնել է, որ «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը, որը Թուրքիայում կառուցվում է ՌԴ-ի նախագծով, կարող է տեղի ունենալ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին՝ երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությունը շարունակում է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի ունենա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Հիանալի կլիներ, եթե ԱԷԿ-ը շահագործման հանձնվեր մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 29-ը, երբ նշվելու է Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը»,-ասել է Ալբայրաքը:

Թուրքիայի Մերսինի նահանգի «Աքքույու» հարթակում ատոմային էլեկտրակայանի կառուցման եւ շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ դոլար է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս