«Հայաստանում բոլոր տեսակի սպանությունների մեջ ընտանիքում կատարվող սպանությունները կազմում են մոտ 20 տոկոս». Խաչատուր Գասպարյան
ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ հոգեբանության մեջ մի քանի թեմաներ կան, որոնք համարվում են զգույշ թեմաներ. «Մեկը վերաբերում է մարդու ֆինանսներին, իսկ Հայաստանում բոլորը բոլորի մասին այդ առումով շատ տեղեկություններ ունեն։ Մյուսը՝ մարդու սեռական առանձնահատկություններին, ինտիմ կյանքին, երրորդը վերաբերում է բռնությանը։ Ցավոք սրտի, ընտանեկան բռնության հետ կապված շատ խնդիրներ մատնվում են անուշադրության, և «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի գլխավոր առաքելությունը կլինի այն, որ մենք մի քայլ կատարենք այդ ուղղությամբ»։
Հոգեբանը նկատեց՝ ընտանիքի համակեցության հոգեբանական այն ձևը, որի մեջ մենք այսօր ապրում ենք, մի տեսակ հետ է մնացել այն ժամանակահատվածից, որի մեջ հայտնվել ենք. «Մենք փորձում ենք պահել այնպիսի ավանդույթներ, որոնք 21-րդ դարի որևէ փորձության չեն դիմանում։ Այս առումով, իմ կարծիքով՝ օրենքը մի քայլ է առաջ։ Արտաքուստ թվում է, թե հայկական ընտանիքը բաց է, բայց իրականում այն փակ համակարգ է։ Եվ այս համակարգի մեջ շատ զգուշորեն պետք է թափանցենք, այնտեղ շատ խնդիրներ կան։ Ինչպես Տոլստոյն է ասել՝ յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի»։
Հոգեբանը կարևորում է ոչ միայն ֆիզիկական բռնության խնդիրը, այլև հուզական չարաշահումը, որը, ըստ նրա՝ նույնպես բռնություն է. «Իսկ հայկական ընտանիքը, հավատացնում եմ, հույզերի սարսափելի կծիկ է, որտեղ անցյալի, ներկայի բոլոր խնդիրները շաղախված են։ Ժամանակն է, որ այդ կենտրոնաձիգ ուժերին, որոնք պահվում են «ավանդույթ» բառի տակ, որոշակի հակազդումներ անենք։ Այն ձևը, որով մենք պահում ենք ընտանիքը, հնացել է, և պատահական չէ, որ այսօրվա երիտասարդությունը փորձում է ընտանիք կազմելու խնդիրը հետաձգել։ Հիմա երիտասարդների համար ընտանիքն ամենակարևորը չէ, հիմա ավելի կարևոր են նյութական արժեքները։ Նոր սերնդի կրթական համակարգի մեջ տալիս ենք նոր արժեքներ և պարտադրում, որ նրանք ապրեն հին ավանդական սկզբունքներով։ Այս առումով, ինձ թվում է, որ քննարկվող օրինագիծը քայլ է դեպի առաջ»։
Խաչատուր Գասպարյանը նաև կարևոր վիճակագրություն մատնանշեց. «Հայաստանում բոլոր տեսակի սպանությունների մեջ ընտանիքում կատարվող սպանությունները կազմում են մոտ 20 տոկոս։ Այնպես չէ, որ մեր ընտանիքներում ամեն ինչ հարթ է, և հիմա ուզում ենք փոփոխություններ անել։ Փաստեր կան, որոնք խոսում են, և շատ երկրների համեմատ՝ այդ փաստերն ավելի ճչացող են»։