Իրանն անհնարին է համարում միջուկային գործարքի վերանայումը
Իրանն իր միջուկային օբյեկտների լրացուցիչ ստուգումների հնարավորություն չի տեսնում, ինչպես եւ հարկավոր չի համարում փոփոխություններ կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին:
«Համատեղ ծրագիրը, ինչպես եւ դրան կից արձանագրությունները բավականաչափ պարզ են օբյեկտների ստուգման ու մոնիթորինգի հարցում, բոլոր միջոցառումները համաձայնեցված են, եւ մենք որեւէ փոփոխություն կատարելու կամ գործարքը վերանայելու հնարավորություն չենք տեսնում: Գործարքը վերջնական է»,- ասել է Արաքչին:
Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ աշխատելու է 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրի «լուրջ թերությունների» վրա: Թրամփը հրաժարվել է պաշտոնապես Կոնգրեսին հաստատել, որ Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, բայց ընդսմին չի սկսել միջազգային մակարդակով վիճարկել Իրանի կողմից այդ պայմանավորվածությունների կատարումը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: