«Ռոսնեֆտ»-ը և Քրդստանը պայմանավորվել են նավթամուղի համատեղ շահագործման մասին
«Ռոսնեֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին: Այդ մասին ասված է ռուսական ընկերության՝ հոկտեմբերի 20-ին տարածված հաղորդագրության մեջ:
Նախագծում «Ռոսնեֆտ»-ի բաժինը կարող է կազմել 60 տոկոս: Նախագծի մյուս մասնակիցը՝ 40-տոկոսանոց բաժնեմասով, KAR Group-ն է՝ նավթամուղի ներկայիս օպերատորը:
«Ենթակառուցվածքային նախագծում ընդգրկվելը կնպաստի ընկերության ռազմավարական նպատակների իրագործմանը եւ թույլ կտա բարձրացնել վերջնական սպառողներին նավթի մատկարարման արդյունավետություն»,- հայտարարել է «Ռոսնեւֆտ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը:
Իրաքի նավթի նախարարությունը հոկտեմբերի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անօրինական է համարել բոլոր այն գործարքները, որոնք կնքվել են Բաղդադի շրջանցմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: