Եվրամիությունը հրաժարվեց ֆինանսավորել Թուրքիայի անդամակցությունը հանրակցությանը
Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել է դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար:
Այդ առաջարկությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք դիմել ենք Եվրահանձնաժողովին՝ առաջարկելով հանձնարարականներ մշակել փոփոխություններ կատարելու եւ անդամակցությանը նպատակամղված օգնության կրճատման վերաբերյալ»,- լրագրողներին հայտարարել է Մերկելը՝ ամփոփելով գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքի արդյունքները:
Այդ առաջարկությունը հիմնվում է Մերկելի այն մեղադրանքների վրա, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, ինչը չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցության չափանիշներին:
Հաջակցություն ֆինանսավորման դադարեցման հանդես է եկել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, ով լրագրողներին հայտնել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները «դե ֆակտո սառեցված են» եւ նրա անդամակցության համար նախատեսված միջոցները պետք է վերաբաշխվեն այլ կարիքների համար: Գերմանիայի կանցլերն, այդուհանդերձ, հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցությունների անհապաղ դադարեցման հարցում «մեծամասնություն չկա»:
Ինչպես նշում են դիտորդները, ամփոփիչ փաստաթղթում Թուրքիայի հարցի վերաբերյալ մանրամասնություններ եւ գագաթնաժողովի որոշումներ չկան, դրանում միայն հիշատակվում է, որ «ԵՄ-ն քննարկել է Թուրքիայի հետ հարաբերությունները», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: