ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ԿԺԴՀ-ի «վերջին քայլին». ԿՀՎ-ի ղեկավար
Վաշինգտոնին հարկավոր է պատրաստ լինել այն բանին, որ Հյուսիսային Կորեան շուտով կարող է հրթիռային հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին: Այդ մասին, ինչպես հայտնել է Washington Examiner-ը, հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոն։
Նա գտնում է, որ վերջին ժամանակներս մեծացել է հրթիռային հարվածի հավանականությունը, որն այսուհետեւ էլ կաճի «Փենյանի վրա միջազգային ճնշման բացակայության» պատճառով:
«Մնում է միայն մտածել, թե ինչպես կարելի է կանխել վերջին քայլը»,- հավելել է Պոմպեոն:
ԿՀՎ-ի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է զինված ուժերն օգտագործել հարվածը կանխելու համար, սակայն, ինչպես նշում է Պոմպեոն, դժվար է հասկանալ, երբ նման միջոցն անհրաժեշտ կլինի:
Նախօրյակին Փենյանն «աներեւակայելի» հարվածով է սպառնացել Վաշինգտոնին «ամենաչսպասված» պահին: ՑՏԱԿ-ի հայտարարության մեջ, որն արվել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի գլխավորությամբ հարավկորեական ու ամերիկյան ռազմածովային ուժերի զորավարությունների կապակցությամբ, նշվում է, որ Միացյալ Նահանգները ԿԺԴՀ-ի ափեր են հասցրել իրենց «գլխավոր թիրախները»: «ԱՄՆ-ը հենց մեր քթի տակ է բերել այն թիրախները, որոնք մենք գլխավորներն ենք համարում: ԱՄՆ-ը պետք է գիտենա, որ աներեւակայելի հարվածի կենթարկվի անսպասելի պահին»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը հարավկորեական մարտանավերի հետ վարժանքներ է անցկացնում Կորեական թերակղզու մոտ: Զորավարժություններին մասնակցում են «Սթեթհեմ» եւ «Մուսթին» ամերիկյան Էսկադրային ականակիրները, ինչպես նաեւ երկու երկրների օդուժը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: