
Մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենը դատարան է դիմում, քաղաքապետը՝ բերում նրա օրինակը. «ՀԺ»

Երեւանի համար 46 մանկապարտեզի՝ աշխատանքից ազատված տնօրենի գործով դատական գործընթացը դանդաղորեն շարունակվում է: Առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 25-ին:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ հայցապահանջն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, մասնավորապես վերաբերում է Գայանե Աղաբեկյանին պաշտոնում վերականգնելուն:
Նրա փաստաբան Յուրի Շիրինյանից տեղեկացանք, որ նշանակված հերթական նիստը հետաձգվել է՝ նոր՝ երկրորդ պատասխանող ներգրավելու նպատակով:
«Որպես պատասխանող եղել է վարչական շրջանը, հիմա ներգրավվում է նաեւ մանկապարտեզը՝ որպես առանձին սուբյեկտ»,- ասաց փաստաբանը:
Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հայցապահանջը վերաբերում է աշխատանքից ազատման կարգադրությունները անվավեր ճանաչելուն, աշխատանքում վերականգնելուն եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելուն:
Աջափնյակ վարչական շրջանում գտնվող համար 46 մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանն աշխատանքից ազատվել էր նախորդ տարի՝ կրթօջախի ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով:
Այն ժամանակ հայտարարվեց, որ այդ ու երկու այլ նախակրթական հաստատություններում անհրաժեշտ եւ նորմատիվներով սահմանված ջեռուցում չի ապահովվել: Մանկապարտեզներում այդ մեղադրանքից զարմանում էին՝ նկատելով, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, բայց ջերմությունն ապահովվում է տաքացուցիչների միջոցով:
Ջեռուցման պատճառով երեք մանկապարտեզների տնօրենների աշխատանքից ազատվելուն վերջերս նաեւ անդրադարձել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համապատասխան պաշտոնյաներին հանձնարարաելով ուշադրության կենտրոնում պահել կրթական հաստատություններում ապահովվող ջերմաստիճանը՝ նա ընդգծել էր, որ ջեռուցման սեզոն հասկացություն գոյություն չունի, եւ տնօրեններն իրենք են որոշում՝ երբ գործարկել ջեռուցման համակարգերը:
«Հիշեցնեմ, որ անցյալ տարի մի քանի տնօրեններ ազատվեցին աշխատանքից հենց այն բանի համար, որ հայտարարում էին, թե քաղաքապետարանը թույլ չի տալիս միացնել ջեռուցումը, մինչդեռ դրա լիազորությունն ամբողջությամբ տրված է հենց տնօրեններին»,- ասել էր Տարոն Մարգարյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: