Բաժիններ՝

««Հին Երևան» ծրագրի համար անհրաժեշտ 150 միլիոն դոլարից 30-40 դոլար ներդրումն արդեն արվել է». Նախագծի գլխավոր ճարտարապետ

«Աշխատանքները սկսված են, փոսորակները փորված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ խոսելով նախագիծը կյանքի կոչելու աշխատանքների մասին:

Նա նկատեց, որ այս ծրագիրը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում. «Երբ աշխատանքները սկսվեցին, ստորգետնյա ջրեր դուրս եկան, ստիպված այդ ջուրը չորացնելու աշխատանքներ տարվեցին, հիմա ամեն ինչ կարգավորված է, պատրաստվում էին այդ դրենաժային ամբողջ ցանցը տեղադրելու և բետոնային աշխատանքները սկսելու»:

Ճարտարապետի գնահատմամբ՝ աշխատանքների տեմպը նորմալ է, գործընթացը կառավարության հսկողության տակ է. «Վարչապետի մոտ էլ ենք հավաքվել ժամանակին, բոլոր հանձնարարականները տրվել են, ուղղակի շատ դժվար է իրացումը: Երևանի միակ տարածքն է, որ իրացման աշխատանքները շատ դժվար են գնում, որովհետև իրացված տարածքներում բնակելի շենք չի կառուցվում: Կարող եմ ասել, որ մոտ 75 տոկոսն իրացված է»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ կարո՞ղ ենք վստահ լինել, որ մնացած հնությունները չեն քանդվելու, քանի որ ստացվում է՝ քանդում ենք ու «Հին Երևան ենք կառուցում»: Ի պատասխան՝ Լ. Վարդանյանն ասաց. «Ես Երևանի քաղաքապետը չեմ: Երկրորդ՝ «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար ոչ մի կառույց չի քանդվել: Երբ ես անձամբ այդ ծրագիրն առաջարկել եմ, այդ բոլոր կառույցները եղել են արդեն քանդված, միակ շենքը, որն իմ ժամանակ ապամոնտաժվել է, եղել է Աֆրիկյանների եկամտաբեր տունը, վերջ»:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե՝ կան ճարտարապետներ, որ ասում են՝ միֆ է «Հին Երևան» նախագիծը, Լ. Վարդանյանն այսպես արձագանքեց. «Երևանի գլխավոր հատակագծով այդ տարածքը տրամադրված է այս ծրագիրն իրականացնելու համար: Այն ճարտարապետները, որոնք անընդհատ խոսում են օրենք խախտելուց, դժգոհում են իրավիճակից և այլն, իրենք այսօր ժողովրդին խաբում են, այլ բաներ են խոսում: Այն, ինչ օրինական դաշտում կա, իրականացվում է, երկրորդն էլ, որ ասում եք՝ «ճարտարապետներ կան…», ես այդպիսի ճարտարապետ չգիտեմ, եթե մեր ինստիտուտը ավարտել են որոշ մասնագետներ ու ունեն ճարտարապետի դիպլոմ ու կյանքում որևէ բան չեն իրականացրել, կարծիքներ են հայտնում, դա միակ ձևն է, որ իրենք երևան, որ գործ են անում: Ես իրենց կարծիքը պետք է հաշվի առնե՞մ»:

Հարցին՝ գումարնե՞րն են պատճառը, որ ծրագիրը 2009 թվականից այս կողմ առաջ չի գնում, ճարտարապետն այսպես պատասխանեց. «Ոչ, 2009 թվականին, երբ ծրագիրը կանգնեց ու սառեցվեց, դրանք ուրիշ պատճառներ էին: Այն մարդիկ, որոնք պետք է այս ծրագիրն իրականացնեին, վախեցան այս ծրագիրը սկսել, որովհետև սա այն սովորական ծրագրերից չէ, երբ բազմահարկ բնակելի շենք են սարքում, սա շատ ծանր ծրագիր է»:

Հարցին էլ՝ վստա՞հ լինենք, որ այդ 150 դոլարի անհրաժեշտ ներդրումը կարվի ծրագրի համար, Լ. Վարդանյանն այսպես պատասխանեց. «Ասում եմ՝ իրացման ծրագրի 75 տոկոսն արված է, մոտավորապես 30-40 միլիոնի իրացման աշխատանքներ են անում, և հետո չե՞ն անի, սա մասնավոր բիզնեսի շահերն են, եթե 30-40 միլիոն արդեն ներդրվել է, հնարավոր չէ՝ այդ ծրագիրը կանգնի, էլ չեմ ասում, որ ես գիտեմ իրենց, բոլոր կողմերը շատ շահագրգիռ են, անընդհատ իմ արհեստանոցում իրենցից մեկը ներկա է»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ առաջին շենքը ե՞րբ պատրաստ կտեսնենք: Ի պատասխան՝ Լ. Վարդանյանն ասաց, որ մինչև տարվա վերջ արդեն կտեսնենք երկաթբետոնյա կոնստրուկցիաները: Իսկ ամբողջական նախագիծը կավարտվի 4-5 տարվա ընթացքում. «Կառավարությունը 5 տարի է տվել, բայց ինվեստորներն այնքան ոգևորված են, որ, եթե այսպես շարունակեն, նույնիսկ հնարավոր է՝ 4 տարում վերջացնենք»:

Լ. Վարդանյանի խոսքով՝ եթե այս ծրագիրը չիրականացվեր, նշանակում է՝ տեղի այդ 14 հուշարձան շենքերը պետք է վերանային:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս