Կատալոնիայում հայտարարել են, որ «չեն ընկրկի» անկախության ձգտումից
Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել է Կատալոնիայի Ժեներալիտետի արտաքին քաղաքականության խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեւան։
Հոկտեմբերի 18-ին Իսպանիայի փոխվարչապետ Սորայյա Սաենս դե Սանտամարիան հաստատել է, որ Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն է նախատեսում, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Կատալոնիայի ինքնակառավարման կասեցման դեպքում, Ռոմեւան ասել է. «Ի՞նչ տեղի կունենա վաղը: Ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ չգիտեմ՝ ինչ իրադրություն կլինի վաղը»: «Նրանք մշտապես սպառնում են մեզ: Նրանք արդեն անօրինականորեն խախտում են Սահմանադրության այդ հոդվածը»,-ասել է Ռոմեւան, հայտարարելով, որ Մադրիդն արդեն միջամտում է Կատալոնիայի կառավարության ֆինանսավորմանը եւ փորձում է փոխել Կատալոնիայի ոստիկանության ղեկավարին:
«Եթե նրանք դա անեն, արդյոք մենք կընկրկենք: Պատասխանն Է՝ ոչ: Մենք այլընտրանք չունենք»,-հայտարարել է կատալոնական կառավարության ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: