«Հայաստանը հաշտվել է, որ Վիեննայի համաձայնագրերը կարող են չգործել». Հրանուշ Խառատյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
«Այն, ինչ հանրությանը հայտարարվել է, այդտեղ կարծես թե մեծ արդյունք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ, եթե Վիեննայի համաձայնությունները չեն կատարվում, ինքն իմաստ չի տեսնում որևէ հանդիպման և բանակցության, բայց գնաց այդ բանակցությանը. «Սա նշանակում է, որ Հայաստանը հաշտվել է, որ Վիեննայի համաձայնագրերը կարող են չգործել, այն, ինչ Ալիևը մշտապես ասում է: Եթե արդեն Վիեննայի համաձայնագրերը կարելի է կանգնած համարել, ես կարծում եմ՝ սա նաև այն էր, ինչ Ալիևն ուզում էր. որ Արևելյան գործընկերության մեջ շեշտվի իր տարածքային ամբողջականության խնդիրը: Չգիտեմ՝ դա կազդի՞, թե՞ չէ, և չգիտեմ՝ այս մեկ ամսվա ընթացքում ի՞նչ կփոխվի, արդյունքում կստորագրվի՞, թե՞ չի ստորագրվի այդ համաձայնագիրը: Բայց իմ կարծիքով՝ սա մի ոչ վատ շանս է Ադրբեջանի համար՝ այդ համաձայնագրի կողմերին ասելու, որ մենք այնպիսի լարվածություն չունենք, որ կարիք լիներ Վիեննայի համաձայնագրի որոշումները կատարելու, ու ահա մենք երկու նախագահներով հանդիպում ենք»:
Հ. Խառատյանի դիտարկմամբ՝ եթե արդյունքն այն է, որ երկու նախագահները շահագրգիռ են, որ սահմանին կրակոցներ չլինեն, ապա դա հերթական հայտարարությունն է. «Սա ոչինչ չասող հայտարարություն է: Ես այստեղ չեմ տեսնում որևէ լուրջ դրական բան, եթե ուղղակի իսկապես ներքին դիվանագիտական համաձայնություն չկա ԵՄ գործընկերների հետ, որ Հայաստանը չի խուսափի ևս մի հանդիպումից, թեկուզ նրա համար, որ ցույց տա, որ իրավիճակում որևէ փոփոխություն չկա: Իմ կարծիքով՝ արդյունքում ցույց է տվել, որ կա փոփոխություն, դա նա է, որ Հայաստանը պատրաստ է բանակցությունները շարունակել՝ շրջանցելով Վիեննայում ձեռք բերված այն համաձայնությունները, որոնք բխում էին արդեն եղած ռազմական, պատերազմական իրավիճակից»:
Ըստ նրա՝ Հայաստանի վրա ճնշում են գործադրել, որ նա ցույց տա, որ ինքը պատրաստակամ է շարունակելու բանակցությունները: Նա չհստակեցրեց՝ Եվրոպայի՞ց, թե՞ Մոսկվայից են այդ ճնշումները գործադրվել: