Իսպանիայի կառավարությունը հաստատել է, որ պատրաստ է Կատալոնիային զրկել ինքնավարությունից
Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:
Այդ մասին հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Սորայյա Սաենս դե Սանտամարիան: Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի իշխանություններից պահանջել էր բացատրել՝ հռչակել են նրանք արդյոք անկախություն: Հոկտեմբերի 16-ին հրապարակվել է Ժեներալիտետի ղեկավարի նամակը, որում նա առաջարկում է երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:
Պուչդեմոնի պատասխանը չի բավարարել Մադրիդին, ինչի մասին հայտարարել է Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան: Նշվել է, որ եթե պատասխան չլինի կամ այն չբավարարի Իսպանիայի իշխանություններին, ապա կառավարությունը հոկտեմբերի 19-ին կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ Է տալիս սահմանափակել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը:
«Պահանջը հստակ է: Եթե չպատասխանեն, կկիրառվի Սահմանադրության 155-րդ հոդվածը: Նպատակն է՝ վերականգնել Կատալոնիայի ինքնավարությունը, երաշխավորել Կատալոնիայի քաղաքացիների իրավունքները, հանգստացնել նրանց եւ ապահովել տնտեսական վերականգնումը»,-հայտարարել է փոխվարչապետը՝ ելույթ ունենալով պատգամավորների կոնգրեսում: Իր հերթին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայի իշխանությունները «ընդդիմությանը թույլ չեն տալիս խոսել, փակում են խորհրդարանը», եւ նրանց մեղադրել է Սահմանադրությունը եւ ինքնավարության կարգավիճակը ոչնչացնելու փորձի մեջ:
«Ես պարոն Պուչդեմոնին խնդրում եմ մտածել բոլոր կատալոնցիների եւ օրինականության մասին… Նրանք պետք է հասկանան, թե իրենք ինչ են արել: Նրանք ընդունել են օրենքներ, որոնք հակասում են Սահմանադրությանը, որոնք չեղարկվել են Սահմանադրական դատարանի կողմից: Նրանց (կատալոնցիներին) թույլ չեն տալիս խոսել: Ես Պուչդեմոնին խնդրում եմ՝ ողջախոհություն հանդես բերել… Պուչդեմոնը պետք է պատասխանի միայն մեկ հարցի՝ նա հռչակե՞լ է Կատալոնիայի անկախություն»,-հայտարարել է Իսպանիայի վարչապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: