Անցած 1 տարում ո՞ր ներդրողներն են եկել Հայաստան. Սուրեն Կարայանը հստակ պատասխան չտվեց
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել է շուրջ 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար, որը 2016 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելի է համապատասխանաբար՝ 36.6 % և 26.3%: Այս մասին այսօր 1 տարվա գործունեությանը նվիրված ամփոփիչ ասուլիսում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, քննարկման է ներկայացվել «Որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի» նախագիծը, մշակվել է պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, ընթացքում են ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրերի ուղղությամբ աշխատանքները մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Հորդանանի, ԱՄԷ-ի, Չեռնոգորիայի, Կորեայի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Մոլդովայի և Ճապոնիայի։ Նախարարի խոսքով՝ հիմնադրվել է Հայաստանի ներդրողների ակումբ, մեկնարկել է 2 ծրագիր՝ շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար ներդրումներով։ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) հեղինակավոր խորհրդատվական ընկերության և նախարարության համատեղ ջանքերով մշակվել է ներդրումային ուղեցույց: Կողմերի միջև ստորագրվել է հուշագիր՝ «Քեյ Փի Էմ Ջի»-ի կողմից տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնելու համար:
168.am-ի հարցին, թե որքա՞ն է վճարվել KPMG-ին, քանի որ նախկինում բաց երկնքի ռազմավարությունը մշակելու համար կառավարությունը «Մաքքենզի» ընկերությանը միլիոններ էր վճարել, սակայն արդյունքը համարժեք չէ, Ս.Կարայանը պատասխանեց, որ KPMG-ի հետ փոխհամագործակցության հուշագիր է կնքվել և վճարումներ չկան:
Մեր հարցին, թե՝ անցած 1 տարում իրականացված աշխատանքի արդյունքում կոնկրետ ո՞ր ներդրողներն են եկել Հայաստան և ներդրումներ կատարել, Ս.Կարայանը հստակ պատասխան չտվեց։
«Եթե դուք հետևեք, դա եղել է հրապարակային, և օժանդակությունները տրամադրվել են կառավարության որոշմամբ, և այդ բոլորը հրապարակվել է։ Դուք կարող եք վերցնել այդ որոշման նախագծերը, և այնտեղ կազմակերպությունների անունները կան»,- ասաց նախարարը։