«Չեմ կարծում, որ հաջողությունը դա կոնկրետ պաշտոն զբաղեցնելն է». Պաշտպանության նախարար
«Հանրային ոլորտի առաջնորդությունը շատ է տարբերվում առաջնորդության այլ տեսակներից»,- այսօր «Այբ» կրթական կենրոնում «Հաջողության բանաձևը» նախագծի շրջանակներում կազմակերպված դասախոսությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ Պաշտպանության նախարարը դասախոսություն է ունենալու «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով:
Ըստ նախարարի՝ հանրային ոլորտի առաջնորդությունը տարբերվում է առաջնորդության այլ տեսակներից երկու հիմնական բաղադրիչներով. «Առաջինն այն է, որ ի տարբերություն այլ ոլորտների առաջնորդների, հանրային ոլորտի առաջնորդն ընտրությունների հաջորդ իսկ օրվանից դառնում է առաջնորդ ողջ հասարակության համար, նաև և առաջին հերթին նրանց համար, ովքեր իրեն քվե և ձայն չեն տվել, իսկ դա անմիջականորեն բերում է երկրորդ տարբերությանը՝ հանրային դաշտի առաջնորդի օրակարգը ձևավորում է ոչ միայն և ոչ այնքան ինքը, այլ ողջ հանրությունը, այդ թվում և առաջին հերթին իրեն ձայն չտվածները»:
Հարցին՝ ինչպե՞ս ձևավորել լավագույն թիմը, քանի որ Դուք գերատեսչության ղեկավար եք՝ Վ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Դա առաջնորդության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, պետք է շատ սիրել ու վստահել մարդկանց: Ես չունեմ վստահելի մարդիկ, ես ունեմ նպատակ, ունեմ խնդիրներ և ես շատ ուրախ եմ, երբ մեր թիմը կարողանում է այդ խնդիրները լուծել»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ երբևէ մտածե՞լ էիք, որ մի օր ղեկավարելու եք Զինված ուժերը, և սա ի՞նչ տարբերություն ունի հանրային մյուս ոլորտների առաջնորդությունից: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ ինքն իր ավելի երիտասարդ տարիներին՝ Պաշտպանության նախարարությունում ծառայելուց հետո, երբ նշանակվեց ՀՀ աշխատակազմում որպես օգնական, գրեթե վստահ է եղել, որ ՊՆ-ի հետ իր առնչությունն ավարտվում է դրանով. «Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ ես ունեցա այս պատիվը և հնարավորությունը՝ շարունակելու իմ աշխատանքը ՊՆ-ում, սա շատ մեծ պատասխանատվություն է, և շատ է տարբերվում հանրային մի շարք ոլորտներից, որովհետև ուղիղ կապ ունի երկրի անվտանգության, մեր խաղաղության, տարածքային ամբողջականության հետ»:
Հարցին էլ՝ ո՞ր բանաձևի շնորհիվ Դուք կարողացաք դառնալ երկրի Պաշտպանության նախարար՝ Վ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ հաջողությունը դա կոնկրետ պաշտոն զբաղեցնելն է, հաջողությունը դա քո կատարած աշխատանքի նկամամբ քո սերն է, այն զգացումն է, որ դու կարող ես ինչ-որ բան փոխել, կարծում եմ՝ հաջողություն է, երբ մարդ իրոք սիրով է անում այն գործը, որն իրեն վստահված է, դրա համար ամենաքիչը կապ ունի, թե ինչ պաշտոնի ես այսօր, շատ ավելի կարևոր է, որ այն աշխատանքը, որն անում եմ այսօր, ինձ բերում է բավականություն»:
Վ. Սարգսյանի խոսքով՝ մինչև չկա անկում, չկա գիտակցում, որ պետք է լինի նաև վերելք. «Ավելի քան համոզված եմ, որ հաջողությունը ոչ թե միշտ ճիշտ քայլեր կատարելն է, այլ քո առաջ խնդիր դնելն է, ու փորձելը այդ խնդրի լուծմանը հասնել»:
Դիտարկմանն էլ, թե փոխելուց խոսեցիք, ի՞նչն եք առաջինը փոխելու՝ նախարարն այսպես պատասխանեց. «Ինքս ինձ»: