
Իսպանիայի դատարանն անվավեր ճանաչեց անկախության հանրաքվեի մասին կատալոնական օրենքը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը լուծարել է Կատալոնիայի իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին ընդունված օրենքը, որը անկախության հանրաքվեի անցկացում է նախատեսում այդ տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է El Pais թերթը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սկզբնապես Սահմանադրական դատարանը կասեցրել էր այդ փաստաթղթի գործողությունը: Իսկ այժմ դատարանը միաձայն օրենքը ճանաչեց ոչ սահմանադրական եւ, հետեւաբար՝ անվավեր: Մինչդեռ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարվել անկախության հասնելու իրենց ձգտումից:
Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջորդի Տուրուլը հայտարարել է, որ Կատալոնիայի ղեկավարությունը «դուռ բացեց երկխոսության համար» այն դեպքում, երբ «Իսպանիայի կառավարությունը փակեց այն»: «Հանձնվելն այն սցենարների մաս չի կազմում, որոնք դիտարկում է Կատալոնիայի կառավարությունը»,-ասել է նա: