Էրդողանը ցանկանում է, որ ԵՄ-ն հստակեցնի իր դիրքորոշումը Թուրքիայի անդամակցության հարցում
Թուրքիան խնդրում է Եվրամիությանը՝ պարզորոշ ասել՝ ցանկանում են արդյոք իրեն տեսնել ԵՄ-ի անդամների շարքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Վարշավայում:
Նա նշել է, որ իր երկիրը շատ վաղուց է ձգտում դառնալ ԵՄ-ի անդամ, մինչդեռ նրա նկատմամբ պահանջների թվաքանակը մշտապես ավելանում է: «Ես կցանկանայի հստակ կարծիք լսել: Եթե ցանկանում եք Թուրքիային ընդունել Եվրամիություն, ապա դա ասեք մեզ: Եթե չեք ցանկանում՝ նույնպես մեզ ասեք այդ մասին»,-ասել է Էրդողանը: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Էրդողանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վարշավան պաշտպանում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:
Նրա խոսքով՝ Թուրքիան «ԵՄ-ի էական գործընկերն է անվտանգության տեսանկյունից»: «Դա որեւԷ մեկին պարզաբանելու կարիք չկա»,-ասել է Լեհաստանի նախագահը, հավելելով, որ ԵՄ-ի համար կարեւոր է Թուրքիայի «ռազմական ու տնտեսական ներուժը»:
Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ 1987 թականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: Սակայն անդամակցության շուրջ բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք քանիցս կասեցվել են տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: