
Գրեթե 700 ընկերություններ հանրաքվեից հետո լքել են Կատալոնիան. El Mundo

Գրեթե 700 ընկերություններ իրենց գրասենյակները Կատալոնիայից Իսպանիայի այլ տարածաշրջաններ են տեղափոխել տարածաշրջանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից ի վեր:
Այդ մասին El Mundo իսպանական հրատարակությանը հայտնել է Իսպանիայի առեւտրական ռեգիստրատորի տնօրեն Անա դել Վալիեն: Հրատարակությունը հայտնում է, որ միայն անցած շաբաթվա ընթացքում 92 ընկերություններ Կատալոնիայից հեռացել են Իսպանիայի այլ տարածաշրջաններ. Կատալոնիայից հեռացած ընկերությունների ընդհանուր թիվը հասել է 691-ի:
Ամենալարված օրերը հոկտեմբերի 9-ն ու 10-ն էին, երբ գրանցումը փոխելու մասին հայտարարել էին 212 եւ 175 ընկերություններ՝ համապատասխանաբար: Ընդ որում՝ դել Վալիեի խոսքով՝ առայժմ չափազանց վաղ է որեւիցե օրինաչափության մասին խոսելը, սակայն կազմակերպությունն աշխատում է պարզել՝ այն գոյություն ունի արդյոք եւ ինչ գործոններից է կախված: