Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել նավթի և գազի շուրջ
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան ընկերությունների հետ բանակցություններ վարել նավթի եւ գազի շուրջ։
«Եթե նրանք ցանկանան, մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի ընկերությունների հետ քննարկել նավթային ու գազային ռեսուրսների մշակումը»,-Զանգանեի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է խանգարում ամերիկյան ընկերություններին՝ ձեռնարկչական գործունեության ծավալել Իրանում՝ միեւնույն ժամանակ դժգոհելով այն բանից, որ եվրոպական ընկերությունները եկամուտ են ստանում Իրանում իրենց գործունեությունից:
Զանգանեի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է Կոնգրեսին հավաստել Իրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարումը: Դրա հետ մեկտեղ նախագահը միջազգային մակարդակով չի վիճարկել Իրանի կողմից միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածությունների կատարումը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: