Բաժիններ՝

Չինաստանի կոմունիստական կուսակցության համագումարը կկանխորոշի երկրի ուղին առաջիկա հինգ տարվա համար

Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ ազգային համագումարը, որը կկայանա հոկտեմբերի 18-ին, երկրի համար կենսական նշանակություն ունի, քանի որ դրա արդյունքից է կախված առաջիկա հինգ տարիների ընթացքում ՉԺՀ ուղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Պեկինից, այս մասին Չինաստանի Ազգային խորհրդի դահլիճում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության 19-րդ ազգային համագումարի խոսնակ Տո Չժանը:

«Այս համագումարը կձևավորի գործողությունների և քաղաքականության հիմնական ուղղությունները և սկզբունքները՝ հավատարիմ տվյալ ժամանակի պահանջներին: Այն կհստակեցնի կուսակցության և երկրի ռազմավարական ծրագրերը և առաջիկա քայլերը»,- ասաց Չժանը:

Նա հայտնեց, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան տեղի ունեցած նախապատրաստական հանդիպման ժամանակ հստակեցվել է համագումարի օրակարգը, որում ներառված են նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության սահմանադրության մեջ բարեփոխումների քննարկումն ու ընդունումը, կուսակցության 19-րդ կենտրոնական կոմիտեի, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովի 19-րդ կենտրոնական հանձնաժողովի (19th central commission for Discipline Inspection) ընտրությունը: Կայանալիք համագումարի արդյունքում կուսակցությունը կընտրի գլխավոր քարտուղարին: Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սի Ցզինպինը:

Չժանը հայտնեց, որ կուսակցության 19-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականի հոկտեմբերից:

Նա ընդգծեց, որ այս անգամ ավելացել է համագումարի մասնակից 2280 պատվիրակների շարքում կանանց և էթնիկ փոքրամասնությունների թիվը. պատվիրակների կազմում կան էթնիկ փոքրամասնության 43 խմբերի ներկայացուցիչներ:

Արաքս Կասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս