
Իսպանիայում կալանքի տակ են վերցրել Կատալոնիայի անկախության շարժման երկու առաջնորդների

Իսպանիայում դատարանը կալանքի տակէ վերցրել Ջորդի Սանչեսին եւ Ջորդի Կույշարտին՝ կատալոնական անջատողական խմբավորումների երկու առաջնորդների: Նրանք չեն կարող գրավով ազատ արձակվել, քանի դեռ նրանց նկատմամբ հետաքննություն է վարվում խռովության գործով, տեղեկացնում է BBC-ին: Սանչեսը եւ Կույշարտը մեծ դեր են խաղացել Կատալոնիայի՝ հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեի կազմակերպման գործում, որը Իսպանիայի կառավարությունն անօրինական է ճանաչել:
Նրանց ձերբակալումը բողոքի մի շարք ակցիաների է հանգեցրել Կատալոնիայում: Ջորդի Սանչեսը գլխավորում է Կատալոնիայի Ազգային ասամբլեան, կազմակերպություն, որը հանդես է գալիս Իսպանիայից Կատալոնիայի անջատվելու օգտին: Ջորդի Կույշարտը Omnium Cultural կազմակերպության ղեկավարն է: Նրանք երկուսն էլ նախօրյակին Մադրիդում դատարանի առաջ են կանգնել սեպտեմբերի 20-ին Բարսելոնայում բողոքի ակցիայի գործով, երբ բազմությունը քաղաքացիական գվարդիայի սպաներին արգելափակել Էր Բարսելոնայի շենքերից մեկում: Սանչեսի եւ Կույշարտի ձերբակալման վերաբերյալ նորությանն ի պատասխան , Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Twitter-ում գրել է. «Իսպանիան ձերբակալել է Կատալոնիայի քաղաքացիական հասարակության ղեկավարներին խաղաղ ցույցեր կազմակերպելու համար: Ցավոք, մենք դարձյալ քաղբանտարկյալներ ունենք»:
Տեսագրության մեջ, որն արվել է դատարանում Կույշարտի հայտնվելուց առաջ եւ Twitter-ում հրապարակված է նրա ձերբակալումից հետո, Կույշարտը խորհուրդ է տալիս իր կողմնակիցներին՝ «երբեք չկորցնել հույսը, քանի որ Կատալոնիայի ժողովուրդը վաստակել է իր ապագան»:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները պահանջում են ազատել իրենց առաջնորդներին եւ մտադիր են շարունակել բողոքի ակցիաները: