
Իրաքի ոստիկանները հսկողության տակ են առել Քրդստանի գլխավոր նավթահանքերը

Իրաքի ոստիկանությունը հսկողություն է հաստատել Իրաքյան Քրդստանի երկու հանգուցային նավթահանքերի նկատմամբ: Այդ մասին հայտնել են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը:
«Համերկրային ոստիկանության ջոկատները հսկողության տակ են առել Բայ-Հասան եւ Խավանա նավթավայրերը»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Երկու հանքավայրերն էլ գտնվում են Քիրկուկ քաղաքից հյուսիս ընկած շրջանում:
Նախօրյակին իրաքյան զորքերը մտել են Քիրկուկի նահանգի տարածք՝ հսկողության տակ վերցնելով ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտները եւ նավթահանքերը: Քրդական զինված կազմավորումներն սկսել են Քիրկուկ քաղաքից հեռանալ քաղաքի սահմանագծին իրաքյան զորքերի հայտնվելուց հետո:
Բացի այդ, Իրաքի ոստիկանները հայտարարել են, որ հսկողության տակ են առել Քիրկուկի մերձակա նավթավերամշակման գործարանը, ինչպես նաեւ այդ քաղաքի գազի գործարանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: