«Հայաստանի Հանրապետությանը հեշտ գործ չէ պարտադրելը». Վիգեն Քոչարյան

«Հայաստանի Հանրապետությանը հեշտ գործ չէ պարտադրելը»,- այսօր ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը` պատասխանելով պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին, թե արդյո՞ք այս օրինագիծը պարտադրված է որոշ կառույցների կողմից:

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում ունի պարտավորություններ, սակայն դրանք ստանձնել է կամովի և պետք է կատարի:

«Օրենքի ընդունումը նախատեսված է ԵՄ աջակցության ծրագրով: Պետք է գիտակցել նմանատիպ ծրագրերի իմաստն ու բովանդակությունը: Իմաստը դրամաշնորհներն ու գրանտները չեն: Իմաստն այն է, որ աջակցություն է ցուցաբերվում պետական բարեփոխումների տարբեր ոլորտներում, բյուջեին տրամադրվում է համապատասխան աջակցություն»,- ասաց Դ.Քոչարյանը` հավելելով, որ այդ փաստաթղթի ընդունման համար նախատեսված ժամկետը վաղուց անցել է, բայց որևէ սահմանափակումներ չեն եղել:

«Պետք է քննարկենք ու լավագույն լուծումները գտնենք»,- ասաց նա:

Կարդացեք նաև

«Փոխանակ աշխատատեղ ստեղծենք, սոցիալական վիճակը լավացնենք, եկել, ամենաամուր տեղից են կպել»,- դժգոհեց Բոստանջյանը:

Վ.Քոչարյանը հակադարձեց, թե համացանցի նույն տիրույթում քննարկման է դրված նաև «Բազմազավակ ընտանիքների պաշտպանության մասին օրենքը», սակայն քննարկումներ չկան, հ/կ-ները պասիվ են: «Ինչո՞ւ է այս օրինագծի հանդեպ այսպիսի հետաքրքրություն»,- տարակուսեց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս