«ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է Ռուսաստանի հետ». Բորիս Նավասարդյան

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հրապարակվել է, քանի որ երկու կողմերը համաձայնություն են տվել, ինչը նշանակում է, որ գոնե այդ երկու կողմերը վճռական են այն ստորագրելու հարցում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Հայաստան-ԵՄ համաձայնագիր. հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ 2013թ. նման բացահայտ միջամտություններ դրսից այս անգամ չեն ակնկալվում. «Դրա հիմնական պատճառն այն է, որ ըստ երևույթին, համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է Ռուսաստանի հետ։ Այնտեղից որևէ բացասական արձագանք սպասել չի կարելի։ Դրա հիմնական պատճառն այն է, որ համաձայնագիրը ներառում է մի շարք կետեր, որոնք բացառում են Հայաստանի այլ պարտավորությունների և նոր համաձայնագրի հակասությունները։ Այսինքն՝ այն պարտավորությունները, որոնք Հայաստանն ունի ԵՏՄ-ի առջև, առաջնային են մնում»։

Միջազգային փորձագետ, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ նախորդ և ներկայիս համաձայնագրերի տարբերությանը. «Այն ժամանակ մոտ 3-3.5 տարի դա քննարկվում էր հանրային լայն շրջանակների մասնակցությամբ, մենք կետ առ կետ նայում ու առաջարկներ էինք անում։ Դա կարևոր էր։ Իսկ այսօր ունենք մի համաձայնագիր, որի մասին տարբեր տեղերից լսում էինք։ Այն նախաստորագրված համաձայնագիր է, որն այս տեսքով է ստորագրվելու, և չեմ կարծում, որ այն հրապարակվել է հասարակական դիսկուրսների կամ լսումների համար, այլ՝ տարբեր խոսակցությունները դադարեցնելու համար»։

Իգիթյանի խոսքով՝ փաստաթղթի հրապարակմամբ գոնե գաղտնիության շղարշը բացվեց։

«Համաձայնագրում նշված են այն հիմնական կետերը, որոնց շուրջ երկու կողմերը փորձում են ստեղծել ընդհանուր համաձայնագիր։ Կարող է՝ որոշ հարցեր այնտեղ տեսականորեն են ընդգրկված, բայց մենք պետք է նայենք այդ համաձայնագրին՝ որպես մեծ փազլի հիմնական մաս, որ արդեն տեսանելի է դարձնում այն բոլոր մոդելները, որ դու պետք է ավելացնես՝ քո ուզած պատկերը ստեղծելու համար։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանը կամավոր է իր տեսակետը հայտնում այդ սկզբունքների վերաբերյալ»,- ասաց նա։

Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի խնդրին՝ Հ. Իգիթյանն ասաց, որ այդ հարցը միայն ՀՀ-ԵՄ համաձայնագրով չէ, որ գալիս է օրակարգ. «Իրականում ատոմակայանի հարցը միշտ էլ եղել է։ 1988թ. երկրաշարժից հետո այն փակվել է ոչ նրա համար, որ քաղաքական ճնշում է եղել, այլ նույնիսկ այն ժամանակ ԽՍՀՄ համապատասխան մարմինները չէին կարող երաշխավորել, որ այն կաշխատի։ Բոլոր դեպքերում, պետք է հասկանանք, որ ատոմակայանն ունի աշխատելու ժամկետ։ Եվ այդ հարցի պատասխանը, թե՝ հետո ինչ, մեր իշխանությունները մինչև հիմա չեն տվել։ Գոնե մեր գործընկերն ասում է, որ, եթե գա մի օր, որ դա պետք է փակվի, իրենք պատրաստ են գումար տրամադրել այն սառեցնելու համար։ Երկրորդ՝ եթե Հայաստանը ցանկանա ժամանակակից, եվրոպական չափանիշերին համապատասխանող ատոմակայան ունենալ, ապա այդ բոլոր հնարավորությունները կան»։

Տեսանյութեր

Լրահոս