
Թուրքիայում հարցաքննությունից հետո ազատել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակցի ընտանիքին

Ստամբուլի դատարանը որոշել է կալանքից ազատել ԱՄՆ-ի հյուպատոսարանում աշխատող Թուրքիայի քաղաքացու կնոջն ու դստերը այն բանից հետո, երբ նրանք հարցաքննվել են ծայրահեղականների հետ իրենց հնարավոր կապերի շուրջ: Այդ մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով դատարանի մի աղբյուրի:
Ըստ նրա տեղեկությունների, երկու կասկածյալներին կալանքի տակ էին վերցրել հոկտեմբերի 9-ին Ամասիա քաղաքում եւ տեղափոխել Ստամբուլ: Նրանց արգելված է մեկնել երկրից, նրանք նաեւ պետք է շաբաթը մեկ անգամ ներկայանան ոստիկանություն:
Ինչպես նշում է «Անադոլու»-ն, նախօրյակին Թուրքիա է ժամանել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ «քննարկելու այն խնդիրները, որոնք երկկողմ հարաբերություններում ծագել են այցագրերի տրամադրումը կասեցնելու վերաբերյալ Անկարայի եւ Վաշինգտոնի որոշումից հետո»: Նշվում է, որ ամերիկյան եւ թուրքական պատվիրակությունները բանակցություններ կվարեն հոկտեմբերի 17-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: