
Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

Հարգելի լրագրողներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
Անշուշտ, մեծ է այն դերը, որը մշտապես վերապահված է եղել զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես հանրության իրազեկվածությունն ապահովող կարևոր օղակի: Ձեր անկողմնակալ աշխատանքի շնորհիվ է, որ մարդիկ տեղեկանում են մեր առօրյայի բաղկացուցիչ բոլոր իրադարձությունների մասին, որոնք հաճախ նաև իրենց ուղղակի ազդեցությունն ունեն հանրության կենսակերպի և մեզ շրջապատող միջավայրի վրա:
Եվ հենց այս համատեքստում է, որ ժողովրդավարական պետություն կառուցելու մեր համատեղ ջանքերի համադրմամբ պետք է անենք առավելագույնը, որ հետզհետե շտկենք բոլոր այն թերություններն ու բացթողումները, որոնք դեռևս առկա են մեր իրականության մեջ: Անկասկած, բոլորիս նպատակն ավելի հզոր և կայացած երկիր ու մայրաքաղաք ունենալն է: Համոզվա՛ծ եմ, որ փոխադարձ վստահությամբ, հուզող խնդիրները, երկուստեք անաչառ և օբյեկտիվ գնահատելով ու դրանց արդյունավետ լուծումները տալով, մենք անպայման կունենանք այն արդյունքը, որին ձգտում ենք:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ նույն սկզբունքայնությամբ և հետևողականությամբ շարունակեք նպաստել մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացմանը:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ