Երևանի մի շարք դպրոցներում երեխաներին տարհանում են
Երևանի մի շարք դպրոցներում դասերն ընդհատվել են։ Դպրոցների տնօրինությունն ու ուսուցիչները երեխաներին ուղարկել են տուն՝ նշելով, որ սպասվում է փոթորիկ։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին Երևանի թիվ 71, 114, 106, 48 և այլ դրպոցներում սովորող երեխաների ծնողները։
Երևանի քաղաքապետարանում, սակայն, այս մասին տեղյակ չեն։ 168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ նման ինֆորմացիա չունի.
«Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում եմ ճշտեք, նմանատիպ ինֆորմացիա տալու լիազորություն բացառապես իրենք ունեն։ Որևէ այլ մեկը չի կարող նման ինֆորմացիա տալ, դա ապատեղեկատվություն կլինի։ Նման մարմնի հայտարարություն ես չեմ տեսել»։
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԻՆ-ի հայտարարությունը վերաբերել է բացառապես Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերին։
«Մենք հայտարարել ենք, որ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում քամու ուժգնացումը կլինի 25-30 մ/վրկ։
Ի դեպ, դա փոթորիկ չէ, փոթորկանք է, փոթորիկը լինում է 30 մ/վրկ ուժգնությունից բարձր։ Երևան քաղաքում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Բացի այդ, այն վայրերում, որտեղ դա կանխատեսվում է, ուղղակի հորդորում ենք բնակչությանը մնալ շինությունների ներսում։ Եթե այնուամենայնիվ, այդ ժամանակ հայտնվել եք դրսում, խորհուրդ է տրվում սյուների տակ չկանգնել, ծառերի տակ չկանգնել ու շենքերից հնարավորինս հեռու քայլել։ Ավելին, եթե քամին սկսում է, ավելի լավ է երեխաներին դպրոցների ներսում պահել, ոչ թե՝ տարհանել»,- պարզաբանեց Ն. Գնդոյանը՝ ընդգծելով, որ Երևանում նման խնդիր չկա։
«Ես չգիտեմ՝ ինչու են Երևանի դպրոցներից երեխաներին տուն ուղարկում, բայց ԱԻՆ-ը հստակ գրել է, որ Երևանում նման բան չի սպասվում»,- եզրափակեց ԱԻՆ-ի մամուլի խոսնակը։