«Սա հայտ է լինելու ապագա բոլոր ընտրություններում». Թևան Պողոսյան
Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ
– Պարոն Պողոսյան, նոյեմբերի 5-ին հանրապետության համայնքներում ՏԻՄ ընտրությունների ժամանակ հիմնական մասնակիցները և մրցակիցներն իշխող Հանրապետական կուսակցությունն է և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Քաղաքական դաշտի առումով սա ինչի՞ մասին է վկայում։
– Շատ ցավալի իրավիճակ է։ Մենք պետք է հասկանանք, որ, եթե մնացած այլ ուժերը հիմա չեն մասնակցում, ապա նշանակում է, որ ընտրությունները կայանալու պարագայում ընտրվելու են կա՛մ այս, կա՛մ այն ուժից։ Դա նշանակում է, որ սա հայտ է լինելու ապագա բոլոր ընտրություններում, այս քաղաքական ուժերն աշխատելու են միայն իրենց ներկայացման համար։
Ունենք 70-80 կուսակցություններ, և ընդամենը 2-ն են աշխատում։ Սա ցավալի փաստ է, բայց նաև պետք է հասկանալ, որ, եթե քաղաքական դասեր չքաղեն, չհասկանան, որ պետք է անպայման մասնակցել ու ՏԻՄ ընտրություններով ապագայի համար բազա ապահովել դեպի հանրապետական ընդհանուր ընտրություններ, փաստորեն՝ ամեն ինչ մնալու է 2 ուժերի մեջ։ Եվ միգուցե սա լավագույն շանսն է, որ տարբեր փոքր քաղաքական ուժեր կոնսոլիդացնեն իրենց հայտերը։
– «Ելք» դաշինքը հայտարարեց, որ ռեսուրսներն անբավարար են, և կպատրաստվեն հաջորդ ընտրություններին։
– Նիկոլ Փաշինյանը շատ մանրամասն բացատրեց, որ նաև փորձում են ուսումնասիրել բոլոր այն բացերը, որ ունեցել են պառլամենտական ընտրությունների ժամանակ՝ հասկանալու, որ միգուցե տեղերում մարդկանց է պետք փոխել, նոր խմբեր է պետք ձևավորել, և, ի վերջո, դա հենց կուսակցականաշինության խնդիրն է։ Քանի որ «Ելք» դաշինքը 1 կուսակցություն չի, այլ 3-ն են, յուրաքանչյուրը պետք է գումարի, հանի։ Երևանի և խորհրդարանական ընտրությունները մեծ ռեսուրսներ են տարել, նաև իրական հաշվարկների խնդիր է։
Բայց հուսով եմ, որ այս բոլոր վարժությունները միտված կլինեն նրան, թե ինչպես են հաջորդ ընտրություններին անպայման մասնակցելու։ Սա այն է, ինչ գիտենք, բայց, ցավոք, չենք լսում մնացած ուժերին, որոնք ժամանակին միշտ էլ ունեցել են հնարավորություն մասնակցելու, կամ միշտ ակտիվ են եղել քաղաքական դաշտում, նույնպես մասնակցել են խորհրդարանական ըտրություններին։ Ինչո՞ւ հիմա չեն մասնակցում։
– Փաստորեն՝ քաղաքական դաշտը մենաշնորհացվե՞լ է։
– Մենաշնորհացված չէ, որովհետև մնացածները գոյություն ունեն, բայց քաղաքական դաշտը խնդիր ունի կոնսոլիդացնելու և տարբեր ցրված ուժերի հնարավորինս միասնական մոտեցումներ ձևավորելու, որոնք հիմնված կլինեն արժեքային համակարգի վրա։
– Նման իրավիճակում նաև ընտրողն է բարդ ընտրության առջև հայտնվում։
– Դա է ցավալին, որ, եթե քաղաքական ուժերը չեն ձևավորելու այլընտրանք, որպեսզի ընտրողը նաև կարողանա այլընտրանք ընտրել, ստիպված ընտրելու է եղած ուժերին։
– Հաջորդ ընտրությունների ժամանակ ևս քաղաքական դաշտն այսպես աղքատի՞կ կլինի, թե՞ կփոխվի։
– Եթե չաշխատեն, ոչինչ չանեն, կունենանք նույն պատկերը։ Բայց քաղաքական ուժերը պետք է աշխատեն։ Մեզ մոտ նաև իներցիայի խնդիր կա, որովհետև մի քանի ուժեր կարողացել են անցնել ԱԺ, ակտիվ են եղել, հնարավորություններն օգտագործել են 5 տարիների ընթացքում, բայց շատ քիչ են աշխատել տեղերում, ու եկել է ՏԻՄ ընտրության ժամանակը, քիչ են մասնակցում կամ չեն մասնակցում։
Նրանք պետք է հասկանան, որ ֆինանսական խնդիրը լուծելու համար պետք է տարբեր մեխանիզմներ ձևավորեն՝ անդամավճար, բիզնեսներ և այլն, քարոզարշավներ պետք է անեն։ Այժմ էլ կան փոքր ուժեր, որ գնում, խոսում, ներկայանում են, խնդիրներ են բարձրացնում։ Այդպես ամենուր պետք է ընտրողին գրավեն իրենց կողմը։ Մեծ ուժերը միշտ ունեն այնքան բավարար ֆինանսական միջոցներ, որ կարող են փորձել քվեներ գնել, իսկ փոքր ուժերն առնվազն պետք է պայքարը տանեն, որ գնելով չի կարելի ընտրությունների գնալ։
Գարնանը մենք շատ ակտիվ քննարկումներ ունեինք ընտրակաշառքի մասին, բայց հիմա հանրային օրակարգում շատ քիչ են այդ թեմայի մասին խոսակցությունները։ Իսկ կա հայտնի ասացվածք՝ հաջորդ ընտրություններին սկսում են պատրաստվել նախորդ ընտրության հաջորդ օրը։ Բայց այսօր ոչ ոք չի խոսում, և հասկանալի է, որ չեն էլ պատրաստվում հաջորդ ընտրություններին։
– Այս ընտրություններում ընտրակաշառքն ի՞նչ տեղ կունենա։
– Եթե ընդամենը 2 թեկնածու է լինելու, ինչի՞ համար է պետք լինելու ընտրակաշառք բաժանել։ Բացի Վանաձորից և Երևանից, որտեղ համամասնական ընտրակարգ է, մնացած համայնքներում եթե անգամ 30% մասնակցություն լինի, ընտրությունները կհամարվեն կայացած։ Եթե 1 քաղաքական ուժ ապահովի այդքան մասնակցություն, էլ ինչո՞ւ է որևէ բան բաժանում։ Կարծում եմ՝ ավելի շատ վարչական ռեսուրսը կաշխատի, քան ֆինանսականը։ Բայց գուցե և տեղական թեկնածուները փորձեն գումարային միջամտություն անել ներքին պայքարի ժամանակ։