«Ես քաղաքականությունից, տոկից և օձից զզվում եմ». Արթուր Ջանիբեկյան

«Հաջողությունների հասնելու համար կարևոր է բիզնեսի աշխարհագրությունը»,- երեկ «Այբ» դպրոցում՝ «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում կազմակերպված վարպետության դասի ընթացքում ասաց Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը:

Նրա համոզմամբ՝ աշխարհագրական տարբեր վայրերի պարագայում բիզնեսի պոտենցիալը մեծապես տարբերվում է.

«Եթե դուք ունենաք աշխարհագրություն ընտրելու հնարավորություն, պետք է ընտրեք այն աշխարհագրությունը, որտեղ այդ բիզնեսն ավելի լավ կլինի, և ձեզ պաշտպանող համակարգերը կլինեն շատ ավելի ընկալելի, թափանցիկ ու հասկանալի»,- ասաց նա:

Ներկաներից մեկը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Ձեր ասածը համընկնում այն իրականության հետ, որտեղ Դուք աշխատում եք, քանի որ Դուք Ձեր բիզնեսը վարում եք մի երկրում՝ Ռուսաստանում, որտեղ, ինչպես հայտնի է, մարդը կարող է մեկ օրում կորցնել իր բիզնեսը:

Ի պատասխան՝ Ա. Ջանիբեկյանն ասաց. «Ես առանձնապես մեծ ընտրություն չեմ ունեցել: Բիզնեսը՝ հեռուստատեսային կոնտենտ արտադրությունը, որը ես սկսել եմ, ի տարբերություն ոսկերչության կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կամ այլ ոլորտների, ունի լեզու: Ես կամաց-կամաց, նպատակաուղղված գնացել եմ այս ճանապահով, որպեսզի ամեն քայլ՝ նախորդի համեմատ, լինի մաքսիմալ էֆեկտիվ: Այլ բան է, երբ դու զրոյից որոշես՝ ինչ ես անում,  բայց երբ դու, անկախ քեզանից, հայտնվում ես մի դաշտում, դա այլ պատմություն է, երբ դու առանձնապես ընտրություն չես ունեցել, կյանքի բերումով դու արել ես քայլերի ինչ-որ հաջորդականություն, որի վերջում ունեցել ես որոշակի արդյունք»:

Անդրադառնալով Ռուսաստանում մեկ րոպեում բիզնես կորցնելուն՝ Ա. Ջանիբեկյանը վստահեցրեց, որ շատ երկրներում բիզնես կորցնելը ևս կարող է մեկ րոպեի հարց լինել.

«Ուրիշ հարց է՝ դա արդա՞ր է, թե՞ անարդար է, հաճա՞խ է կրկնվում, թե՞ ոչ: Ես Ռուսաստանին, հատկապես՝ ներքին քաղաքականության տեսանկյունից, փորձում եմ ոչ մի կերպ չվերաբերվել, ու ինձ համարում եմ այն մարդկանցից մեկը, որը գոնե մի անգամ իր մաշկի վրա չի զգացել ձեր ասածի ապացույցը: Թե ինչո՞ւ է այդպես ստացվել, չեմ կարող ասել: Եկեք այդ հարցի շուրջ էլ մտածենք՝ իսկ ինչի՞ մեկի հետ տեղի է ունենում, մեկ ուրիշի հետ՝ ոչ: Եկեք չքաղաքականացնենք մեր խոսակցությունը, որովհետև ես քաղաքականությունից, տոկից և օձից զզվում եմ»:

Դահլիճում ներկաներից մեկն Ա. Ջանիբեկյանից հետաքրքրվեց, թե նա ո՞ւմ ազգանունը կարդալիս է ոգեշնչվում և հպարտություն ապրում:

Ի պատասխան՝ Ա. Ջանիբեկյանն ասաց, որ չէր ցանկանա խոսել հայրենասիրության մասին, քանի որ, ըստ նրա, հայրենասիրության մասին խոսելն անիմաստ է.

«Հայրենասիրությունը կա՛մ կա, կա՛մ չկա, ու դա նույնն է, որ խոսես հորդ կամ մորդ նկատմամբ ունեցած սիրո մասին: Այլ հարց է՝ դա լա՞վ է, թե՞ վատ, որ մենք հպարտանում ենք «յան» ազգանունով մարդկանց հաջողություններով: Ես ձեզանից չեմ տարբերվում, ես էլ եմ հպարտանում բոլոր «յան» ազգանունով մարդկանց հաջողություններով: Ե՛վ Հենրիխ Մխիթարյանը, և՛ Գարիկ Մարտիրոսյանը, և՛ Լևոն Արոնյանը, և՛ ձեր խոնարհ ծառա Ջանիբեկյանը, ձեզանից ոչ մի բանով առավել չեն: Նրանց մեջ հերոս չկա, որովհետև նրանցից ամեն մեկն ամեն ինչ արել է իր համար, և որպես սիներգետիկ էֆեկտ՝ դուք էլ եք օգտվում: Եկեք ուշադրություն դարձնենք այն մարդկանց վրա, որոնք ամեն ինչ անում են ձեզ համար, և որպես սիներգետիկ էլեմենտ՝ հետո նոր իրենք են օգտվում: Այդ մարդիկ մեր զինվորներն են»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս