«Դոնեցկի և Լուգանսկի հետ որևէ կապ չունենք». Դավիթ Բաբայան
Դոնեցկն ու Լուգանսկը ցանկանում են միանալ ԱՊՀ-2 միավորմանը, որին անդամակցում են Արցախի Հանրապետությունը, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում օրերս գրել էր «Տեղեկատվական դիմադրություն» խմբավորման համակարգող Դիմտրի Տիմչուկը։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դա ընդամենը այդ պետությունների ցանկությունն է՝ միանալ ԱՊՀ-2 համագործակցությանը, ինչն, ըստ Բաբայանի՝ նրանց սուվերեն իրավունքն է. «Ամեն ժողովուրդ, ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ է ուզում անել։ ԱՊՀ 2 հարթակը ժամանակին էր ավելի ակտիվ գործում, հիմա այդ ձևաչափն իր ակտիվությունն արդեն կորցրել է։ Իհարկե, կապեր կան, չեն կարող խզվել Արցախ-Աբխազիա-Հարավային Օսեթիա-Մերձդնեստր կապերը, բայց հաշվի առնելով բազմաթիվ խնդիրներ, աշխարհագրական հեռավորությունը, տարբեր մարտահրավերներ, այդ շրջանակներում գործընթացն այդքան էլ ակտիվ չէ՝ առնվազն Արցախի մասնակցությունը։ Իսկ եթե Դոնեցկն ու Լուգանսկը ցանկանում են, ապա ժամանակը ցույց կտա, թե ինչ ձևաչափով են նրանք մտնելու այդ միավորում, կարողանալու են, թե չեն կարողանալու»։
Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ որքանով ինքն է տեղյակ՝ Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ինչ-որ կապեր կան, բայց դա էլ շատ բարդ խնդիր է, և այդ ցանկությունն ըստ նրա՝ ավելի շուտ քաղաքական քայլ է։
Մեր հարցին՝ Արցախի դիրքորոշումը ո՞րը կլինի, եթե Դոնեցկն ու Լուգանսկը փորձեն միանալ ԱՊՀ-2-ին, նա այսպես պատասխանեց․ «Դուք ծանոթ եք մեր արտաքին քաղաքական ռազմավարությանը․ մենք զարգացնում ենք կապեր տարբեր ուղղություններով, և բազմավեկտոր ուղղվածության մեր փիլիսոփայությունը մենք օգտագործելու ենք տարբեր տեղեր։ Ունենք համագործակցություն Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հետ՝ քաղաքական, մարդասիրական հարթություններում։ Այդ երկրներում կան հայկական համայնքներ։ Դոնեցկի և Լուգանսկի հետ որևէ կապ չունենք»։