«Լավ եմ արել, Բաղրամյանի վրա 140 000-ով տուն եմ վարձել». պատգամավորն`ԱԺ-ից ստացած վարձի մասին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը երկու բնակարան է գնել և նվիրել աղջիկներին: Սրան զուգահեռ ԱԺ լրատվության վարչությունը պատասխանելով armtimes.com-ի գրավոր հարցմանը նշել էր, որ Վանիկ Ասատրյանը ևս դիմել է կառույցին բնակարանի վարձի 100 հազար դրամի փոխհատուցման խնդրանքով:
Armtimes.com-ն այսօր ԱԺ-ում Վանիկ Ասատրյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս բնակարան է ձեռք բերել և որտե՞ղ է վարձել ԱԺ-ից ստացած փողերով տունը:
– Պարոն Ասատրյան, ԱԺ-ը ցուցակ էր հրապարակել, որտեղ այն պատգամավորների անուններն էր ներառված, ովքեր դիմել էին կառույցին՝ բնակարանի վարձի փոխհատուցման համար:
– Ես իմ աղետյալ քաղաքի՝ Սպիտակի հետ կապված կառավարությանը հարց եմ ուղղել, ինչո՞ւ այդ մասին ինձ հարց չես տալիս: Վանաձորում աշխատավարձ չեն տալիս, խի՞ դրա մասին բարձրաձայնած հարցիցս չես հարցնում: Ինչի՞ համար ես պարտադիր այդ հարցը տալիս: Ես իմ օրենքից օգտվել եմ, ես չեմ կարա ամեն օր Սպիտակից գնամ, գամ եւ ձմեռն էլ չեմ կարա վթարի ենթարկվեմ: Չի կարելի ինձ նման հարցեր տալ, էլ հարց չտաս, չեմ պատասխանի:
– Մամուլը գրել է, որ երկու բնակարան եք գնել եւ նվիրել ձեր աղջիկներին…
– Գլուխները պատով են տալիս, չկա նման բան: Ես դատի եմ տալու, հերքելու եմ: Իմ ժողովուրդ ինձ լավ գիտի, չարաչար սխալվում են: Ըտենց հարցեր էլ ինձ չտաս:
– Ուզում եք ասել, որ ֆինանսական խնդիրներ ունե՞ք:
– Այո:
– Պատգամավորի աշխատավարձը 650 հազար է…
– Կարող ա գողանո՞ւմ եմ, աշխատավարձ է՝ ստանում եմ: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ես լավ եմ արել, ինձ օրենքով տրված իրավունքից օգտվել եմ և վարձ եմ ուզել: Ինչ մնում է բնակարան գնելուն`ապացուցի:
– Դուք Սպիտակում ի՞նչ տուն ունեք: Առանձնատո՞ւն է:
– Տուն ունեմ, բա հո դրսումը չեմ մնալու:
– Իսկ Երևանում բնակարանը որտե՞ղ եք վարձել, որքա՞ն եք վճարում:
– Բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Վարձայակությունը 140 հազար դրամ է:
– 40 հազար ավելացնելը ձեզ համար խնդիր չէ՞:
– Ի՞նչ գիտես, որ խնդիր չէ: Ի՞նչ գիտես ինչ ֆինանսական խնդիրներ ունեմ: 100 տոկոսով բնակարան եմ կորցրել երկրաշարժին, 8 տարի է, որ ֆաբրիկաս չի աշխատում, վարկերի, տոկոսների տակ եմ: Ինչ ես ասում, թե տուն եմ առել: Ես գիտեմ, թե ով է պատվիրել այդ հոդվածը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այօրվա համարում։