
Բրունո Մարսն առաջատարն է American Music Awards մրցանակի անվանակարգերի թվով

ԱՄՆ-ում հայտարարել են American Music Awards (AMA) հեղինակավոր երաժշտական մրցանակի հավակնորդների անունները: Այս տարի անվանակարգերի թվով առաջատարը դարձել է ամերիկացի կատարող Բրունո Մարսը, որը հնարավորություն ունի ստանալ ութ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» գլխավոր կատեգորիայում։
AMA-ի մրցանակների հանձնման 45-րդ ամենամյա արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft Theater-ում եւ կհեռարձակվի ABC հեռուստաալիքի եթերում: Ֆավորիտների թվում նշվել են նաեւ բրիտանացի կատարող Էդ Շիրանը, կանադացիներ Դրեյքը եւ The Weeknd-ը, ամերիկացի ռեփեր Քանդրիք Լամարը եւ դիջեյ-դուետ The Chainsmokers-ը, որոնցից յուրաքանչյուրն ունի հինգական անվանակարգ:
Նշված բոլոր կատարողները, բացի The Weeknd-ից, նաեւ հավակնում են «Տարվա արտիստ» կոչմանը: Այս անգամ լավագույն փոփ/ռոք երգչուհի կարող է ճանաչվել Լեդի Գագան, Ռիհաննան կամ Ալեսիա Կառան: Տղամարդկանց համապատասխան կատեգորիայում մրցակցում են Դրեյքը, Բրունո Մարսը եւ Էդ Շիրանը: American Music Awards-ը հիմնվել է 1973 թվականին՝ որպես Gremmy մրցանակի այլընտրանք: Պարգեւները շնորհվում են առցանց-քվեարկության հիման վրա, որին կարող են մասնակցել Համացանցի բոլոր օգտատերերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` Getty Images