
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների վերջին փուլ են անցել Կատարի և Ֆրանսիայի ներկայացուցիչները

ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գործադիր խորհուրդը կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունների վերջին փուլում, որը կկայանա երեկոյան, ընտրություն կկատարի Կատարից եւ Ֆրանսիայից թեկնածուների միջեւ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը։
Նախօրյակին կայացած ընտրությունների չորրորդ փուլի ընթացքում գործադիր խորհրդի անդամների առավել մեծ աջակցությունը վերստին ստացավ Կատարի թեկնածուն, որը հավաքեց 22 ձայն: Ֆրանսիայի եւ Եգիպտոսի ներկայացուցիչներն այդ փուլում ստացան 18-ական ձայն: Այդ կապակցությամբ խորհուրդը որոշեց միջանկյալ քվեարկություն անցկացնել հավասար ձայներ հավաքած մրցակիցների միջեւ: Դրա արդյունքում Ֆրանսիայից թեկնածուն ստացավ 31 ձայն, իսկ Եգիպտոսից թեկնածուն՝ 25: Երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրություններում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ապահովել խորհրդի մասնակից առնվազն 30 երկրների (ընդամենը 58 պետություններ են) աջակցությունը: Եթե հինգերորդ փուլն էլ ի հայտ չբերի հաղթողին, ապա ընտրությունների ելքը կվճռվի վիճակահանությամբ: