Բաժիններ՝

Հայտնի դարձան Լևոն Անանյանի անվան գրական մրցանակի դափնեկիրները

Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 13-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ նրա անվան գրական մրցանակի հանձնման արարողությունը: Լավագույն ճանաչվեցին երիտասարդ ստեղծագործողներ Գայանե Հովհաննիսյանը, Մարիամ Սարգսյանը, Սրբուհի Խաչատրյանը և Լորետա Մուրադյանը:

«Մրցանակաբաշխության հովանավորը բանաստեղծուհի, արձակագիր Նաթելա Լալաբեկյանն է: Լևոն Անանյանի մահվանից հետո Նաթելան որոշեց երիտասարդ գրողներին բացահայտող նման միջոցառում կազմակերպել: Մրցանակներ ենք հանձնում արձակ և պոեզիա անվանակարգերում, ինչպես նաև որոշել ենք հետագայում մրցանակաբաշխության առաջին փուլը մարզերում անցկացնել՝ այնտեղի գրողներին այս իրադարձությանը մասնակից դարձնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Արձակ» անվանակարգում երրորդ մրցանակի արժանացավ Սրբուհի Խաչատրյանն արձակ բանաստեղծությունների շարքի համար: Երկրորդ տեղը զբաղեցրեց Մարիամ Սարգսյանը «Օրագիր կամ կյանքն առանց քեզ» գրքի համար, իսկ առաջին մրցանակը տրվեց Գայանե Հովհաննիսյանին «Ծաղկավիժում» գրքի համար: «Պոեզիա» անվանակարգում երրորդ մրցանակի արժանացավ Լորետա Մուրադյանը բանաստեղծությունների շարքի համար:

Նաթելա Լալաբեկյանը շնորհավորեց մրցանակակիրներին և ընդգծեց, որ նրանք հաջողությունների կհասնեն, եթե կարողանան կապել ներքին աշխարհն արտաքինի հետ: Լալաբեկյանը հույս հայտնեց, որ մրցանակակիրների համար գրելը պարզապես հոբբի չէ, և նրանք դեռ բարձունքների կհասնեն ու արժանի կլինեն Լևոն Անանյանի անվան մրցանակին:

Առաջին մրցանակին արժանացած Գայանե Հովհաննիսյանն ասաց, որ սա իր առաջին գրական մրցանակն է և այն իրեն ոգևորում է: Նա ընդգծեց, որ ստեղծագործում է դեռ դպրոցական տարիներից, և իր գործերը պարբերաբար տպագրվել են տարբեր ամսագրերում: Անդրադառնալով «Ծաղկավիժում» գրքին` հեղինակը նշեց, որ այն պատմում է հասարակությունում կնոջ դերի մասին:

Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև Լևոն Անանյանի որդին՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Ինձ ուրախացնում է, որ այս տարի մրցանակների են արժանանում իգական սեռի ներկայացուցիչները: Դա փաստում է, որ մեր գրականությունը հարստանում է կին ստեղծագործողներով: Կարծում եմ, որ դա հորս կուրախացներ»,-նշեց Անանյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և ընդգծեց, որ «Արմենպրես» լրատվական գործակալությունը միշտ պատրաստ է աջակցել ու սատարել երիտասարդ ստեղծագործողներին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս